ԼՂ-ից բռնի տեղահանված 2784 երեխա կրթությունը կշարունակի Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2784 երեխա հոկտեմբերի 3-ի դրությամբ ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում իրականցվող կրթական գործընթացում:
Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Ըստ մարզերի` բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտն՝ 80, Արարատ՝ 758, Արմավիր՝ 393, Գեղարքունիք՝ 91, Կոտայք 450, Լոռի՝ 103, Շիրակ՝ 110, Սյունիք՝ 140, Տավուշ՝ 161, Վայոց Ձոր՝ 46, Երևանում՝ 450»,- մանրամասնեց նա:
Բաղդասարյանը տեղեկացրեց՝ կարևորվում է նաև ԼՂ-ից տեղահանվածների զբաղվածության հարցը: Հիշեցրեց՝ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է Workforall.am, որտեղ շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա:
Բաղդասարյանը ներկայացրեց՝ մարզերում առկա է 273 ավագ բուժաշխատողի և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք: Կրթական ոլորտում՝ Հայաստանի մարզերում և Երևանի դպրոցներում այս պահի դրությամբ 1035 թափուր հաստիք կա:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 617 անձ: