Ղարաբաղի հարցը փակվեց, երբ Փաշինյանը Պրահայում ստորագրեց փաստաթղթի տակ. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է` 2020 թվականին կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։

«Որոշումը, որ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ», -«Վալդայ» միջազգային ակումբում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լավրովը։

«Երբ Երևանում որոշ գործիչներ հայտարարում էին, թե 2020 թվականի նոյեմբերին, երբ ստորագրվում էր պատերազմը դադարեցնելու հայտարարությունը, Պուտինը ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին` սուտ է։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է` Ղարաբաղը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի է։ Կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է։ Բայց երբ 1 տարի անց վարչապետ Փաշինյանը Պրահայում հերթական եվրոպական գագաթնաժողովում ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ հայտարարված էր` Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի համապատասխան, հարցը փակվեց»,- շեշտել է Լավրովը։

Լավրովը նաև հավելել է` նույն հայտարարությունը Փաշինյանն արել է նաև Բրյուսելում, և ԵՄ տարածած հաղորդագրության մեջ նշում չկար, թե Հայաստանն անհանգստացած է Ղարաբաղում ապրող հայերի ճակատագրով, և որ այդ ճակատագրի համար պետք է մտածել, որ մարդիկ ստիպված չլինեն տառապել։

«Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են այն ամենը, ինչ կարող են։ Մենք չենք կարող կանգնեցնել մարդկանց, որոնք ցանկանում են Ղարաբաղից հեռանալ Ռուսաստան։ Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով, որ այնտեղ ամրապնդվի վստահությունը, պայմաններ ստեղծվեն հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի համար»,-ասել է Լավրովը` հույս հայտնելով, որ այս հարցերով պետք է հետաքրքրված լինի նաև Երևանը։

Տեսանյութեր

Լրահոս