39 միլիոն 656 հազար դրամ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի կազմակերպման համար
Արցախում սանձազերծված պատերազմից մեկ օր անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի պայմանագիր է կնքում 2014 թվականին Ստեփանավանում գրանցված և 2018 թվականից Դիաննա Սարգսյանին պատկանող ՎՍ գրուպ ՍՊԸ-ի հետ:
39 միլիոն 656 հազար դրամ արժողությամբ այս պայմանագրով ընկերությունը ստանձնում է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի աշխատանքների կազմակերպումը: Ինչպես ասում են՝ ամեն ինչ տեղն էր՝ մնացել էր սարի սմբուլը:
Հետաքրքիր է, որ պայմանագրի կնքման օրն իսկ ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ հիշյալ միջոցառումն անորոշ ժամանակով հետաձգվել է:
«ՎՍ Գրուպ»-ի և պետգնումների միջև ձևավորված «բարիդրացիական» կապերի մասին.
Պարզվում է՝ այս ընկերությունն անցյալ տարի ևս ԿԳՄՍՆ-ից ստացել է դրամաշնորհ և կազմակերպել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացումը. պայմանագրի գինը՝ շուրջ 41 միլիոն 641 հազար դրամ:
«ՎՍ Գրուպ» ՍՊԸ-ն պետգնումներում ակտիվությունն, առհասարակ, սկսել է 2019 թվականից. 2019-ից այս ընկերության հետ կնքված շուրջ 22 պայմանագրերից 2-ը մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով է կնքվել, մյուս 2-ը՝ դարձյալ ոչ մրցակցային՝ դրամաշնորհի:
Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք նաև, որ ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել վարչապետի աշխատակազմը, Երևանի քաղաքապետարանը, Միասնական սոցիալական ծառայությունը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները, ՊԵԿ-ը:
Ավելի վաղ նշել էինք, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպման հարցում պետգնումներում «յուրահատուկ վստահություն ունեին» դարձյալ Ստեփանավանում գրանցված Վլադիմիր Գևորգյանին և նրա ընտանիքին պատկանող ՍՊԸ-ները: