Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա օգնել է Արցախին. «Ավրորայի» հայտարարությունը

Երևանում ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմական ու քաղաքական գործիչների երթ է անցկացվում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը երթի մեկնարկից առաջ ընթերցեց «Ավրորա»-ի հայտարարությունը, որին միացել են «Ավրորա» մրցանակի դափնեկիր բազմաթիվ հանրային ու քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհից.

«Բարերար, գործարար, Հայաստանի Հանրապետության քաղաքացի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն Ադրբեջանի կառավարության կողմից վրդովեցուցիչ է և ունի քաղաքական դրդապատճառներ: Որպես մարդասիրական և մարդու իրավունքների համաշխարհային համայնքի անդամներ՝ մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի համար Ռուբենը մեծ ջանքեր է ներդրել, վերջին ութ տարիների ընթացքում արժանին է մատուցել և աջակցել նրանց, ովքեր պայքարում են մարդու հիմնարար իրավունքների համար ամբողջ աշխարհում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը: Ճակատագրի հեգնանքով այժմ Ռուբենն ինքն է դարձել նույն հալածանքի զոհը, ինչպես այն հերոսները, որոնց նա փորձել է օգնել՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով:

Կարդացեք նաև

Երբ ավելի քան մեկ տարի առաջ Ռուբենը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ՝ մինչև 10-ամսյա շրջափակումը, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքի արգելափակումը և վերջին ռմբակոծությունները, նա արեց դա՝ գիտակցելով, թե որքան մեծ են ռիսկերը: Բայց նա վճռական էր՝ օգնելու խաղաղ լուծում գտնելու հակամարտությանը։

Ռուբենի ձերբակալությունը՝ մի մարդու, որն իր կյանքի վերջին 20 տարին նվիրել է տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու գործին, արդար չէ: Սա զրկում է նրան իր հիմնարար իրավունքներից, ինչպես և տարածաշրջանում տասնյակ-հազարավոր հայերի, որոնց հիմնարար իրավունքները ոտնահարվում են ամեն օր:

Ռուբեն Վարդանյանի գերեվարման պատճառն այն է, որ նա աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և օժանդակել ժողովրդավարության տառին համաձայն ապրելու իրավունքի իրացմանը:

Ադրբեջանի կառավարությունը պետք է ազատ արձակի նրան և ցույց տա իր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ՝ նրա և տարածաշրջանի բոլոր հայերի իրավունքների:

Ստորագրողներ՝ Ֆարթուն Ադան-2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր

Նուբար Աֆեյան- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ

Ջամիլա Աֆղանի – 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանում Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ

Օսկար Արյաս- «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Կոստա Ռիկայի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Մարգարիտ Բարանկիցե -2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» խնամքի կենտրոնի հիմնադիր

Լեյմա Գբովե -«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր և նախագահ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Արա Դարզի-«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար

Միրզա Դինայի-2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության համահիմնադիր և տնօրեն

Շիրին Էբադի-«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Իրավապաշտպանների կենտրոնի հիմնադիր, Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Իլվադ Էլման-2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի գործառնությունների գծով տնօրեն

Գարեթ Էվանս-«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար, Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ

Հինա Ջիլանի -«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամ, Պակիստանի Գերագույն դատարանի փաստաբան, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ

Լուիզ Ռիչարդսոն-«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ

Մերի Ռոբինսոն-«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, The Elders խմբի նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ

Էռնեստո Սեդիլյո-«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ

Փոլ Փոլման-«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի և իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն

Ջոն Փրենդերգասթ-«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, մարդու իրավունքների ակտիվիստ

Թոմ Քաթինա -«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Գթության Մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն

Դելե Օլոջեդե- «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Africa in the World գաղափարների փառատոնի հիմնադիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր»:

Հիշեցնենք՝  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն անգնահատելի ավանդ է ներդրել Արցախի և Հայաստանի կյանքում ոչ միայն որպես հասարակական և պետական գործիչ, այլև որպես մեկենաս և գործարար, սեպտեմբերի 27-ին առևանգվել է Ադրբեջանի ԶՈւ կողմից: Նրա դեմ առաջադրվել են անհեթեթ և շինծու մեղադրանքներ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները սեպտեմբերի 30-ին տեղեկացրել են նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանի ձերբակալման մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930