Աստծո՞ւ, թե՞ մարդկանց մոտ ենք բարեհաճություն փնտրում
«Ես եմ քո Տեր Աստվածը. ուրիշ աստվածներ չունենա՛ս». «Տասնաբանյա պատվիրաններ»-ից առաջինի դեմ է մեղանչում նա, ով մարդահաճության մեղքի մեջ է: Շատ անգամ թերագնահատվում են փոքր համարվող այս մեղքի իրական վտանգները, բայց խորությամբ քննողը կնկատի, որ մարդահաճոն, հույսը կապելով մարդու հետ, ոչ միայն Աստծուն է մոռանում, այլև ճշմարիտ Աստծուն փոխարինում է մեկ ուրիշ «աստծով»: Մարդահաճությունը հիվանդագին կախվածություն է մարդկային կարծիքներից, վախ՝ հասարակության կողմից հասկացված չլինելու, խրախուսանքներից զրկվելու և կշտամբանքների ենթարկվելու: «Մեծագույն անտարբերությամբ ընկնում ենք մարդկային կրքերի մեջ և վիրավորում մեզ այդքան սիրող Աստծուն, իսկ նրանց, ովքեր չեն կարող մեզ ոչ մի օգուտ բերել, ամեն կերպ հաճոյանում ենք»,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը:
Սովորաբար, մարդահաճոներն ունեն իրենց օգնականները՝ կեղծիքը, երեսպաշտությունն ու շողոքորթությունը: Մարդահաճոների մի մասը գործում է շահամոլությունից դրդված՝ ձգտելով ստանալ երկրային բարիքներն առանց ջանք ու աշխատանքի: Մեկ ուրիշ խումբ էլ մարդահաճության մեջ է ընկնում փառամոլությունից դրդված՝ հետապնդելով բոլորի կողմից բարի խոսքերի արժանանալու «կարևորագույն» նպատակը: Մարդահաճությունը կարող է ծնվել նաև ազդեցիկ ղեկավարների հանդեպ փոքրոգություն դրսևորելուց: Մարդահաճոն և՛ իրեն է վնասում, և՛ դիմացինին: Դա նման է այն իրավիճակին, երբ երեխան մեծահասակից լուցկի է ուզում խաղալու համար, և մեծահասակները, որպեսզի նրան ցավ չպատճառեն, կատարում են նրա կամակորությունը:
Ինչի՞ց են զրկվում մարդահաճոները. նրանք, գերի դառնալով մարդկային կարծիքներին և գնահատանքներին, զրկվում են աստվածապարգև ազատությունից, հոգևոր և բարոյական սկզբունքներից: Այս կիրքը, արմատավորվելով մարդու մեջ, ամբողջովին ամայացնում և անպտուղ է դարձնում հոգևոր կյանքը: Կարևոր է, որ մարդ քննի իր խոսքերն ու արարքները՝ Աստծո՞ւն, թե՞ մարդկանց հաճոյանալու մղումով է խոսում և գործում: «Երբ գիտակցեմ, որ իմ արարքների շարժառիթը մարդահաճությունն է, ապա անհապաղ կձերբազատվեմ այս մեղքից, քանի որ բարին գործել մարդահաճությամբ, նույնն է, թե ջրհորից ջուր հանեմ ծակ դույլով» (Հայր Պաիսիոս Աթոսացի):
«Մի՞թե մարդիկ են հավանություն տալու իմ քարոզած Ավետարանի համար, թե՞ Աստված: Մի՞թե ես մարդկանց սիրաշահելու համար եմ աշխատում: Եթե մարդկանց սիրաշահելու հետևից ընկնեի, ապա կդադարեի Քրիստոսի ծառա լինելուց» (Գաղատացիներ 1:10): «Եթե ես ցանկանայի մարդկանց հաճո լինել,- ասել է սբ. Հովհան Ոսկեբերանը Պողոս առաքյալի շուրթերով,- ապա այժմ հրեաների կողմը կլինեի և մինչև հիմա կհետապնդեի եկեղեցուն: Բայց ես անտեսեցի և՛ իմ ազգը, և՛ ընկերներիս, և՛ բարեկամներիս, և՛ բարձր փառքս՝ համբերելով նրանց կողմից հալածանքների, թշնամության և ամենօրյա մահվան»: Տեսնո՞ւմ ես առաքելական ոգին և ավետարանական բարձրությունը: Ով ցանկանում է մարդկանց բարեհաճությունը ձեռք բերել, սկսում է խորամանկել, ստել և կեղծել, որպեսզի ունկնդիրներին դեպի իր կողմը տրամադրի: Եվ հակառակը՝ նա, ով ցանկանում է Աստծուն հաճո լինել և Նրա բարեհաճությանն արժանանալ, անհրաժեշտ է միայն, որ մաքուր միտք ունենա: Առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում, այս մասին կրկին անգամներ անդրադառնալով, ասել է. «Մեր նպատակը ձեր բարեհաճությունը շահելը չէ» (Ա Կորնթ․ 5:12) և «Ուստի ինձ համար բնավ նշանակություն չունի, թե դուք ինչպե՛ս եք դատում ինձ, կամ մարդիկ ինչպե՛ս են դատում ինձ» (Ա Կորնթ․ 4:3)»:
Առաքելական նամակները թերթելիս՝ հանդիպում ենք նաև Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին՝ «Ճիշտ այնպես, ինչպես ես եմ փորձում ամեն ինչում սիրաշահել բոլորին: Ոչ թե իմ անձի օգուտն եմ փնտրում, այլ բոլորինը, որպեսզի փրկվեն» (Ա Կորնթ․ 10:33) և «Հավատով տկարների հետ եղա հավատով տկարի պես, որպեսզի նրանց ևս սիրաշահեմ» (Ա Կորնթ․ 9:22): Առաքյալի խոսքերը վկայում են, որ նա ամեն միջոց գործադրել է, որպեսզի մարդիկ ընդունեն միակ ճշմարտությունը: Երանելի Օգոստինոսը գրել է. «Ով ցանկանում է մարդկանց մեջ ճշմատությունը ներշնչել, նա հոգ է տանում ոչ այն մասին, թե ինչպես հանդիպի մարդկանց բարեհաճ ընդունելությանը, այլ այն մասին, թե ինչպես նրանց հաճելի դարձնի ճշմարտությունը, որը ներշնչում է նրանց»:
Մարդահաճությունից խուսափելը չպետք է դրդի մարդուն մեկ այլ ծայրահեղության՝ մարդկանց հանդեպ ոչ բարեհաճ տրամադրվելուն: Ավետարանում կարդում ենք. «Եթե միայն ձեր ազգակիցների հետ բարեկամություն անեք, հեթանոսներից ավելի ի՞նչ բան արած կլինեք» (Մատթ․ 5:47): Դժվար է, բայց և անհնարին էլ չէ մարդահաճությունից ձերբազատվելը: Եկեղեցու հայրերը նշում են, որ յուրաքանչյուր կիրք հաղթահարվում է այն առաքինությամբ, որ ուղղված է այդ կրքի դեմ, իսկ մարդահաճության դեմ հարկ է ուղղել աստվածահաճության առաքինությունը: Մարդահաճության բոլոր տեսակների դեմ մեծագույն դեղամիջոցը Աստծու հանդեպ երկյուղն է, որ հոգևոր մեծ ուժով է օժտում մարդուն և որը ձեռք է բերվում մեծ ուշադրությամբ և ամենօրյա ջանքերով:
Հիշենք ավետարանական պատմությունը Զակքեոս մաքսապետի մասին պատմող, ով բոլոր ժամանակների համար աստվածահաճո կերպարի լավագույն օրինակը հանդիսացավ: Նա, հասարակական կարծիքի մասին չմտահոգվելով, իր կարճահասակության պատճառով ժանտաթզենին բարձրացավ, որպեսզի տեսնի Հիսուս Քրիստոսին, որ անցնում էր այդ վայրով (Ղուկաս 19:1-9):
Չմոռանանք երբեմն-երբեմն մեզ այս հարցադրումն ուղղել՝ Աստծո՞ւ, թե՞ մարդկանց մոտ ենք բարեհաճություն փնտրում՝ չմոռանալով նաև, որ «առանց հավատի անհնար է Աստծու բարեհաճությունը շահել» (Եբր․ 11:6):
Կարինե Սուգիկյան