«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կդիմի բոլոր հնարավոր միջոցների՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղի նախիջևանացումը
Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ 2023 թ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը զոհերից, ավերածություններից բացի ունեցավ նաև շատ ավելի ցավալի հետևանք՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանում։ Այս մասին հայտարարել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը:
«Լեռնային Ղարաբաղի հայությունը, որը հազարամյակներ շարունակ բնակվել է իր պատմական բնօրրանում, զենքի անմիջական սպառնալիքի տակ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տասնյակ հազարներով լքում է իր բնակության հիմնական և պատմական վայրը՝ հնարավորություն չունենալով անգամ տարհանելու տարիների քրտնաջան աշխատանքով, սիրով և լավատեսությամբ ձեռք բերված գույքն ու ունեցվածքը։ Սա ամենաիսկական էթնիկ զտումն է, որի մասին շարունակաբար ահազանգում էին ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ մի շարք հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գործիչներ։
Այս դժվարին օրերին, երբ կշեռքի նժարներին են դրված ֆիզիկական գոյությունն ու հայրենի բնօրրանը, մեր հայրենակիցներն այլ ելք չունեն, քան ընտրելու կյանքը Հայաստանում շարունակելու հնարավորութունը, քանի որ վերջին ամիսներին խաղաղ ինտեգրացիայի, անվտանգ ու ապահով բնակության խոստումներ տվող Ադրբեջանը շարունակեց ռազմական ուժի գործադրմամբ առկա խնդիրը լուծելու անընդունելի պրակտիկան՝ կրկին փաստացի մնալով անպատիժ։
Մենք վերահաստատում ենք մեր այն մոտեցումը, որ այս ամենը ավելի քան մեկ հարյուրամյակ ձգվող ամենաթողության և անպատժելիության հետևանքն է։ Այսօր Լեռնային Ղարաբաղի հայությունը բռնագաղթվում է, որովհետև 1918թ օսմանա-ադրբեջանական պարագլուխներից և ոչ մեկը հանրային պատասխանատվության չենթարկվեց Բաքվի 30 հազար հայերի կոտորածի համար, որովհետև 1920թ Շուշիի հայության կոտորածի կազմակերպիչները նույնպես մնացին անպատիժ, որովհետև 1988թ Սումգայիթի, 1990թ Բաքվի, 1992թ Մարաղայի կոտորածների մասնակիցները չստացան համապատասխան որակումներ, որովհետև աշխարհը լռեց, երբ գետնին հավասարեցվեց Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը՝ դառնալով 21-րդ դարի առաջին մշակութային ցեղասպանություններից մեկը»,- ասված է հայտարարության մեջ:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, կիսում նրանց անպատկերացնելի տառապանքն ու վիշտը, որի միջով իրենք ևս ստիպված են եղել անցնել երեք տասնամյակ առաջ։
Հաշվի առնելով տեղահանման ողջ ծանրությունն ու առաջիկա խնդիրների բազմազանությունը՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հանձն է առնում նպաստել բարձր ատյաններում և միջազգային կազմակերպություններում բռնի տեղահանվածների խնդիրների բարձրաձայնմանը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության արդար և ճշմարտացի պահպանությանը, հայության համար վերադարձի և անվտանգ ու արժանապատիվ կենսապայմանների ապահովման և բազում այլ խնդիրների լուծմանը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կդիմի բոլոր հնարավոր միջոցների՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղի նախիջևանացումը, միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելու անցյալից բխող և ներկայում պարբերական բնույթ ստացած խնդիրների վերջնական լուծմանը, որոնք ոչ այլ ինչ են, քան քաղաքակրթության սկզբունքների ոտնահարման կամ առհասարակ բացակայության վառ ապացույց։