
Ռուս-ամերիկյան անձնակազմը վեց ամիս ուշացումով Միջազգային տիեզերակայանից վերադարձել է Երկիր

«Սոյուզ ՄՍ-23» տիեզերական պարկուճը, որում եղել են տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևը, Դմիտրի Պետելինը և NASA-ի տիեզերագնաց Ֆրանցիսկո Ռուբիոն, Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը Թռիչքների կառավարման կենտրոնից:
Վայրէջքը տեղի է ունեցել ժամը 14:17-ին, Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից 148 կմ դեպի հարավ-արևելք գտնվող շրջանում։
Տիեզերագնացներին դիմավորելու են գնացել շուրջ 200 զինվորականներ, ուղղաթիռներ, որոնողական-տարհանման մեքենաներ։
Տիեզերագնացները պետք է Երկիր վերադառնային գիտարշավից վեց ամիս անց՝ մարտի 28-ին, սակայն նրանց առաքելությունը վեց ամսով երկարաձգվել էր, քանի որ աստղաքարը վնասել էր «Սոյուզ ՄՍ-22» տիեզերանավի ռադիատորը։ Փետրվարին դրա փոխարինման համար ՄՏԿ էր ուղարկվել «Սոյուզ ՄՍ-23»-ը։