
ՌԴ-ն ի գիտություն է ընդունել ԼՂ–ի գոյության դադարեցման մասին հայտարարությունը. Պեսկով

Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և շեշտը դնելու է Ադրբեջանի կազմում վերաինտեգրման հումանիտար ասպեկտի վրա: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հրամանագիրը, ըստ որի` հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ:
«Մենք ի գիտություն ենք ընդունել, ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, կարևոր է հումանիտար ասպեկտը»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ խաղաղապահները շարունակում են աջակցել մարդկանց, որոնցից շատերը Հայաստանի տարածք տեղափոխվելու ցանկություն են հայտնում։
«Բոլոր ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,- ընդգծել է նա։
Հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ հայերը սկսել են զանգվածաբար լքել Լեռնային Ղարաբաղը, Պեսկովը պատասխանել է.
«Դժվար է ասել` ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների համար ուղիղ պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանց մի մասը կարող է ցանկանում է դա անել ընդմիշտ, մի մասը՝ ժամանակավորապես տրանսֆորմացիայի շրջանում»։
Ըստ նրա` հիմա գլխավոր խնդիրը կյանքի նորմալ պայմաններ ապահովելն է նրանց համար, ովքեր որոշել են լքել Լեռնային Ղարաբաղը։