Հուսով ենք՝ ՄԻԵԴ-ն արագ կարձագանքի. Կիրակոսյանը՝ Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմումի մասին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մանրամասներ ներկայացրեց Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով ՄԻԵԴ ուղարկած դիմումի վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Կիրակոսյանը նշեց, որ անհատական միջանկյալ ժամանակավոր միջոց կիրառելու դիմումով պահանջել են երաշխավորել Ռուբեն Վարդանյանի իրավունքները՝ կյանքի իրավունք, խոշտանգման, անմարդկային, դաժան վերաբերմունքի արգելք։

«Հուսով ենք՝ ՄԻԵԴ-ն արագ կարձագանքի։ Կապի մեջ ենք իր հարազատների հետ էլ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Բաքվի ունեցած «սև ցուցակին» և արդյո՞ք հնարավոր չէ այդ ցուցակում ընդգրկված անձանց ձերբակալությունները կանխարգելել, Կիրակոսյանը պատասխանեց.

«Կան հրապարակումներ տարբեր անձանց անուններով, որոնք թիրախավորվում են Բաքվի կողմից։ Ծանոթ եմ, բայց չեմ կարող ասել՝ ինչքան եմ ծանոթ, քանի որ կարող են լինել մարդիկ, որոնց մասին ես չգիտեմ։

Ցավոք, չեմ պատկերացնում ինչպես հնարավոր կլինի կանխարգելել, բայց ամեն դեպքում որոշակի միջոցներ կան, որոնց մասին շուտով կիմանաք։ Կփորձենք այդ հնարավոր իրավական միջոցներն օգտագործել, որպեսզի կանխարգելման ուղղությամբ էլ աշխատենք»,- եզրափակեց Կիրակոսյանը։

Ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հրապարակել է այդ երկրում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները:

Հրապարակման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն) հոդվածների հատկանիշներով: Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին

Տեսանյութեր

Լրահոս