Կանադայի վարչապետ Թրյուդոն ներողություն է խնդրել նացիստ վետերանին խորհրդարանում մեծարելու համար
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Կանադայի անունից ներողություն է խնդրել այն բանի համար, որ խորհրդարանում պատվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական ստորաբաժանման համար կռված ուկրաինացի վետերանին։
«Սա սխալ է, որը խորապես ամաչեցրել է խորհրդարանին և Կանադային», – նշել է Թրյուդոն։
Խորհրդարանի խոսնակ Էնթոնի Ռոտան, որը պատասխանատվություն էր ստանձնել 98-ամյա Յարոսլավ Հունկային խորհրդարան հրավիրելու համար, սեպտեմբերի 26-ին հրաժարական է տվել։
Կանադայի վարչապետը նաև ներողություն է խնդրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որն այդ ժամանակ այցով Կանադայում էր և գտնվում էր խորհրդարանում։ Զելենսկին խորհրդարանում գտնվող մյուսների հետ ծափահարում էր Յարոսլավ Հունկային։
Թրյուդոն նշել է, որ բոլորն, ովքեր գտնվում էին խորհրդարանում, «ցավում են, որ կանգնել և ծափահարել են՝ չնայած տեղյակ չեն եղել համատեքստին»։
«Դա Հոլոքոսթի ընթացքում զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակի հանդեպ սարսափելի ոտնձգություն էր», – ասել է Կանադայի վարչապետը։
Հունկան Երկրորդ աշխարհամարտում կռվել էր նացիստական ստորաբաժանման կազմում, և խորհրդարանում նրան կանգնած ծափահարել էին և մեծարել՝ որպես ուկրաինացի և կանադացի «հերոս»։ Այս միջադեպից հետո Կանադայի հանդեպ քննադատություններ են հնչել ինչպես ընդդիմության կողմից, այնպես էլ Ռուսաստանի։