
Թիրախավորված են ակնհայտ հայանպաստ ու ո՛չ ապօրինի գործունեություն իրականացնող անձինք. Դավիթ Բաբայանի ձերբակալությունն անխուսափելի է. Սիրանուշ Սահակյան

«Դավիթ Բաբայանի՝ Բաքու մեկնելու անձնական որոշումը մեկնաբանել այս պահին չեմ կարող, սակայն նրա ձերբակալումն անխուսափելի է»,-168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը Արցախի նախագահի խորհրդական, նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի կայացրած որոշումը ՝ այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի և հանձնվել Ադրբեջանի իրավապահ մարմիններին:
Սիրանուշ Սահակյանը պարզաբանեց նաև.
«Բոլորս էլ շատ լավ գիտենք այդ շրջանառվող ցուցակներն ու այնտեղ ներառված անունները: Թիրախավորված են ակնհայտ հայանպաստ ու ո՛չ ապօրինի գործունեություն իրականացնող անձինք: Շատ ավելի վտանգավոր գործունեություն իրականացնողներ կան, որոնք այդ ցուցակներում ներգրավված չեն: Հիմա, պարզապես, իր համար ակնառու իրավիճակ է, որ ձերբակալելու են, և ինքը նախընտրում է ուղիղ մեկնել»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Տեղի ունեցող գործընթացների մասին 168.am-ի զրուցակիցը նախընտրեց այս փուլում, առայժմ, որևէ մեկնաբանություն չանել: Նրա փոխանցմամբ՝ այս պահին քննարկումներ են ընթանում հետագա անելիքների շուրջ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարությանը, որ ինքնակամ ներկայացողները համաներում կստանան՝ Սահակյանն ասաց, որ այդ հայտարարությունն այլ կոնտեքստում է:
«Դա առավելապես վերաբերում է դիմադրություն չցուցաբերելուն: Հայտարարվել է, որ զինվորականները կհամաներվեն: Սակայն ադրբեջանական գործելակերպի պարագայում որևէ բան բացառել պետք չէ և ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Իսկ առաջիկայում հնարավոր նոր ձերբակալությունները, ըստ միջազգային իրավունքի մասնագետի, առավելապես քաղաքական ենթատեքստ ունեն, քան իրավական:
Տեղի ունեցող գործընթացների առնչությամբ մեկնաբանությունները, ըստ մասնագետի, հնարավոր կլինի կատարել իրավիճակի ամբողջական վերլուծությունից հետո միայն:
Նազելի Ստեփանյան