Դեմքի մի կեսում մինչև մի քանի րոպե տևող ուժեղ, շոկային ցավերը եռորյակ նյարդի նևրալգիայի դրսևորվում է
Նյարդային համակարգը մարդու օրգանիզմում ունի կարևոր նշանակություն և նյարդային ցանկացած խնդիր կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ ուղեկցվող սուր ցավերով: Եռորյակ նյարդի հիմնական ֆունկցիան դեմքի հատվածում զգայունության ապահովումն է: Դրանք տեղակայված են երկու կողմից: Եռորյակ նյարդը 3 ճյուղ ունի: Առաջին ճյուղն ապահովում է աչքի, վերին կոպի ու ճակատի մաշկի զգայությունը, երկրորդ ճյուղը` ստորին կոպի, այտի ու ռունգների, վերին շուրթի ու վերին լնդի զգայունությունը, իսկ երրորդը` ստորին ծնոտի, ստորին շրթունքի, լնդի ու որոշ ծամող մկանների զգայունությունը:
Եռորյակ նյարդի նևրալգիայի, դրա դրսևորման և հիվանդության տեսակների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է «ՊուլսՄեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Ռիտա Գասպարյանը:
Ըստ մասնագետի՝ եռորյակ նյարդի նևրալգիան նոպայաձև ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որն ախտահարում է եռորյակ նյարդը։ Այն բնորոշվում է եռորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում առաջացող դիմային նյարդերի ցավերով՝ կրակող, այրող, ծակող սուր ցավերի առաջացմամբ։ Եռորյակ նյարդի նևրալգիան դասվում է նյարդային հիվանդությունների շարքին, որոնք են՝ դիմային նյարդի նևրիտը, ռադիկուլիտը և այլն։
«Գոյություն ունի հիվանդության 2 հիմնական տեսակ՝ տիպիկ և ատիպիկ։ Տիպիկը դրսևորվում է դեմքի մի կեսում մի քանի վայրկյանից մի քանի րոպե տևող հանկարծակի ծագող, ուժեղ, շոկային ցավերով։ Այս դրվագները կարող են ձգվել 2 ժամից ավել։ Ատիպիկը արտահայտվում է մշտական այրող ցավերով, որը նվազ ինտենսիվ է։ Դրվագները կարող են խթանվել դեմքին ցանկացած հպումից։ Նույն մարդու մոտ հիվանդության 2 տեսակներն էլ կարող են հանդիպել։ Վերջինս ամենացավոտ տեսակներից է և կարող է բերել դեպրեսիայի»,-ասաց բժիշկ-նյարդաբանը:
Մասնագետը նշեց, որ եռորյակ նյարդի նևրալգիայի բորբոքման պատճառն անհայտ է, բայց կա կարծիք, որ կապված է եռորյակ նյարդի շուրջ միելինի կորստով։ Այն կարող է տեղի ունենալ ուղեղի ցողունիցից դուրս գալու տեղում արյունատար անոթի ճնշվելու, ցրված սկլերոզի, կաթվածի կամ վնասվածքի դեպքում։ Առավել քիչ հանդիպող պատճառներից են ուռուցքը և զարկերակ-երակային մալֆորմացիան։
«Այս հիվանդությունը բնութագրվում է դեմքի ուժեղ արտահայտված ցավային դրվագներով, եռորյակ նյարդի ճյուղերի ընթացքով։ Յուրաքանչյուր նոպա սովորաբար տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե կամ ժամ, բայց դրանք կարող են ժամեր շարունակ կրկնվել շատ կարճ ընդմիջումներով»,-ասաց Ռիտա Գասպարյանը:
Բժիշկ-նյարդաբանը ընդգծեց՝ որքան վաղ սկսվի բուժումը, այնքան քիչ է կրկնվելու հավանականությունը։
Ինչի՞ց կարող են խթանվել ցավային նոպաները: Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները և բուժումը: Ո՞ր տարիքային խմբերում է հաճախ հանդիպում այս խնդիրը:
Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Գայանե Գաբոյան