Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցը կարող է քննարկվել հոկտեմբերի 5-ին. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այսօր համաժողովրդական հանրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի առջև այսօր այնպիսի մարտահրավերներ են կանգնած, որոնք հնարավոր չէ լուծել, եթե չլինի հայկական ամենակարևոր ուժի՝ հայկական պետականության մասնակցությունը։
«Հնարավոր չէ Արցախում լուծել, ինչպես ասում են, հայերի իրավունքների ու անվտանգության հարց, եթե դրան չի մասնակցում հայկական պետությունն իր ամբողջ գործիքակազմով։ Հնարավոր չէ լուծել Սյունիքի հարցը կամավորական խմբերով, դա հնարավոր է լուծել միայն այն պարագայում, եթե հայկական պետությունը գործադրի բոլոր ռեսուրսներն այդ խնդիրները լուծելու համար»,- նշեց Վարուժան Գեղամյանը։
Ապա անդրադառնալով հոկտեմբերի 5-ին Փաշինյան-Ալիև հանդիպման ակնկալիքին՝ նա ընդգծեց.
«Այնտեղ հերթական անգամ լինելու է թղթի վրա որևէ ձև ամրագրում առ այն, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կարծում եմ՝ դա, իհարկե, չի լինելու խաղաղության պայմանագիր, բայց լինելու է նմանատիպ մի փաստաթուղթ, որն Ադրբեջանն օգտագործելու է բոլոր հարթակներում։ Չեմ բացառում նաև, որ այնտեղ հիմքը դրվի՝ կրկին թղթի վրա բանակցային այն մնացած կետերի, որոնք մեզանից գաղտնի բանակցվում են, մասնավորապես, այսպես կոչված, «անկլավների», Տավուշի, Վայոց ձորի ու Արարատի մարզերից նոր տարածքների հանձնման մասին»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղարի ֆեյսբուքյան պաշտոնական էջում իրազեկված էր, որ ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ. Նախապատրաստվելու է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Ալիև-Փաշինյան հանդիպումը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում