Հիմա ոչ մի բան չենք ուտում. դատարկ թեյով որքա՞ն կդիմանաք. արցախցի

«Հիմա ոչ մի բան չենք ուտում: Էրեխեքի համար տաք չայ ենք պատրաստում միայն: Ո՛չ քաղցր կա, ո՛չ մի այլ բան: Դատարկ թեյով որքա՞ն կդիմանաք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախցի մեր հայրենակից Գոհար Հայիրյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին Ստեփանակերտում են: Ամբողջ օրը երեխաների համար սնունդ գտնելու խնդրով են զբաղված:

«Գյուղատնտեսական հիմնադրամ պետք է գնամ, որ տեսնեմ, թե մի քիչ ալյուր տան՝ բերեմ, էրեխեքի համար սննդի հարց կարողանամ լուծել: Էրեխեքս արդեն քանի օր է՝ սոված են քնում: Սնունդ էս պահին ընդհանրապես չկա: Չգիտենք՝ ինչ ենք անելու»,- արդեն տևական ժամանակ շարունակվող իրավիճակից վրդովված՝ ասաց նա:

Մեր զրուցակիցը 6 երեխաների մայր է: Մեծը 20 տարեկան է, ուսումը վերջերս է ավարտել, մյուս երեխան էլ պատերազմի պատճառով հնարավորություն չունի շարունակելու ուսումը:

Տիկին Գոհարի ամենափոքր երեխան էլ 8 տարեկան է: Ասում է՝ իր ընտանիքը դեռևս օդանավակայան գնալ չի նախատեսում: Սպասում են տարհանման մասին հստակ տեղեկության: Իսկ մինչև այդ, առաջիկայում իրենց տնից զրկված մեկ այլ ընտանիքի են պատրաստվում հյուրընկալել իրենց տուն:

«Մեր տանն էս պահին 8 հոգի ապրում է, ևս 8 հոգի էլ բերում եմ, որ միասին մնանք: Դե որ տեսա, որ Մարտակերտից եկած ընտանիք է ու մնալու տեղ չունեն՝ մտածեցի կանչեմ, միասին մնանք: Էրեխեքի համար քնելու տեղ չունեն, դրսում են ապրում: Բա ի՞նչ անենք: Հիմա պետք է գնանք ու սննդի հարցն էլ փորձենք լուծել, տեսնենք՝ ինչ ենք կարողանում անել: Գիտեմ, որ բարդ է լինելու, բայց այլ տարբերակ չունենք: Պետք է պայքարենք ու դուրս գանք էս վիճակից»,- ասաց նա:

Այդուհանդերձ, արցախցի մեր հայրենակցի խոսքով՝ տարհանման հնարավորության դեպքում իրենք էլ առաջիկայում գուցե որոշեն ուղղվել օդանավակայան:

Նազելի Ստեփանյան

Լուսանկարը՝ Գայանե Հայիրյանի ֆեյսբուքյան էջից։

Տեսանյութեր

Լրահոս