Վերցրու գումարը, մենք իրար չենք տեսել. կաշառք տված վարորդը ձերբակալվել է
Սեպտեմբերի 19-ին Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, իրավախախտում կատարելու համար, Արագածոտնի մարզի պարեկները կանգնեցրել են «ԳԱԶ-35» մակնիշի մի մեքենա: Վարորդից պահանջել են ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը և մեքենայի հաշվառման վկայագիրը, սակայն պարզվել է, որ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 37-ամյա վարորդը վկայական չունի:
Խոսակցության ընթացքում վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, գրպանից հանել և պարեկային ծառայության մեքենայի առջևի նստելատեղին է դրել մեկ հատ 20 հազար դրամանոց, ասելով` վերցրու գումարը, մենք իրար չենք տեսել:
Կաշառք տալու համար ժամը 11.30-ին վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են: