Ես պայքարում եմ, որ Ջերմուկը Շուշիի ճակատագրին չարժանանա. Նարե Սիմոնյան
Չորրորդ օրն է՝ Երևանում շարունակվում են բողոքի ու անհնազանդության ակցիաները, հանրահավաքները։ Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հերթական հանրահավաքի ժամանակ շուշեցի Նարե Սիմոնյանը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում խոսքը պետք է սկսել Արցախից, սակայն առավոտյան բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ցուցաբերած վերաբերմունքն ակցիայի մասնակիցների նկատմամբ հանգիստ չի տալիս ոչ թե նրա համար, որ ոստիկանն իրեն ադրբեջանցի է անվանել և հարվածել, այլ, որ փորձում է պատկերացնել Արցախում մի մոր, որ 24 ժամ երեխայից լուր չունի և մտնում է համացանց ու տեսնում իր 18-ամյա երեխային։
«Հարգելի ոստիկաններ, մարդիկ, ովքեր պատվով են կրում իրենց ուսադիրները, ձեզ խնդրում եմ, պահանջում եմ, խելքի բերեք ու կարգի հրավիրեք ձեր սև և կարմիր բերետավոր կոլեգաներին, ամոթ ու խայտառակություն է այս ամենը։ Թույլ մի տվեք, որ մեր ուսանողները՝ Երևանից և Արցախից, իրենց օտար զգան այստեղ։ Հավատացեք, օկուպացիոն ռեժիմն ինչքան մեզ է ատում, այնքան էլ ձեզ է ատում, դրա համար էլ ամեն ինչ անում է ձեզ ժողովրդի հետ թշնամացնելու համար։ Մենք և դուք միասին պիտի պետություն պահենք, միասին պիտի երկիր պահենք։ Մենք ձեզանից շատերի հետ նույն երազանքներն ունենք, նույն ազատագրված Հայաստանի մասին ենք երազում»,- հանրահավաքում հնչեցրած ելույթում ասաց Նարե Սիմոնյանը։
Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում Երևանի փողոցներում իրազեկման աշխատանքներ իրականացնելիս շատերն են միացել իրենց, շատերն էլ ասել են, թե ինչ կարող են անել։
«Մեզ ասում են՝ ուզում եք՝ այդ ամենը այստե՞ղ էլ լինի, ոչ, չենք ուզում, դրա համար ենք պայքարում, որ չլինի։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին ես չէի կարող պատկերացնել, որ մի օր Շուշին եմ կորցնելու, երկու տարի անց սահմանամերձ է դարձել Ջերմուկը։ Նոյեմբերի 10-ից ես պայքարում եմ, որ Ջերմուկը Շուշիի ճակատագրին չարժանանա, որ Գորիսը Շուշիի ճակատագրին չարժանանա, որ Երևանը Ջերմուկի ճակատագրին չարժանանա, դուրս եկեք պայքարենք, որ փրկենք մեր հայրենիքը»,- շեշտեց Ն. Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում