Փաշինյանը Աստծո նվերն է Ալիևին, որը հարձակվում է, քանզի գիտի՝ նման շանս կարող է այլևս չունենալ. Արթուր Խաչիկյան
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը վստահեցնում է՝ Ալիևը սկսեց հերթական պատերազմն ընդդեմ Արցախի, քանի որ հասկանում է՝ իր համար Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը ոսկե ժամանակաշրջան է. այն, ինչ Հայաստանից և Արցախից կարող է պոկել ու ստանալ հիմա, երբեք չի կարող ստանալ Հայաստանի ազգային իշխանություն լինելու դեպքում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի ողջ երկայնքով ռազմական գործողություններ սկսելու պատճառների մասին, ասաց Խաչիկյանը՝ շարունակելով.
«Տրամաբանական է, որ Ալիևը, տեսնելով, որ Փաշինյանի խումբը կորցնում է իր ազդեցությունն ու կարող է գնալ, անցավ գործողությունների։ Ալիևը հասկանում է, որ հիմա իր համար հարմար պահ է՝ հարձակվելու։ Հայաստանի այս ղեկավարությունն ընտրել է չորեքթաթ խաղաղություն աղերսելու քաղաքականությունը։ Փաշինյանը աղերսում է խաղաղություն և Աստծո նվեր է՝ Ալիևին։ Այսպիսի նվեր Ալիևը կարող է այլևս չունենալ»։
Նրա խոսքով, թեև հասարակության մոտ կար հանգստություն՝ քանի դեռ Արցախում ռուս խաղաղապահներն են, պատերազմ չի լինի, սակայն դա իրականության հետ կապ չունեցող թեզ է, որովհետև ադրբեջանցիները կշրջանցեն ռուս խաղաղապահներին, կստիպեն մի կողմ քաշվել։
«Հարց է առաջանում՝ Ռուսաստանը պատրա՞ստ է գնալ պատերազմի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»,- հարց ուղղեց Խաչիկյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի տնտեսաքաղաքական կապերը Ռուսաստանի համար կարող են շատ ավելի կարևոր լինել, հատկապես, որ Արցախը կարևոր չէ Հայաստանի այս իշխանության համար։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։