
Ֆրանսիան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարել

Ֆրանսիան պաշտոնապես հանդես է եկել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու պահանջով։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որտեղ խստորեն դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակումը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը, որի ժամանակ կիրառվում են ծանր զրահատեխնիկա, այդ թվում և բնակեցված տարածքների նկատմամբ։ Որևէ պատրվակ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնալիքի տակ են առնում հազարավոր քաղաքացիական անձանց կյանքը, ովքեր արդեն իսկ տուժել են ամիսներ տևած անօրինական շրջափակման հետևանքով և հակասում է բանակցային կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին։
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումն ու հարգել միջազգային իրավունքը։
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ճակատագրի հանդեպ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի վրա։
Ֆրանսիան պահանջում է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի վճռական պատասխան տա այս անընդունելի հարձակմանը, որը հավասարազոր ռիսկեր է պարունակում տարածաշրջանի անվտանգության համար»։