Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Գլխավոր քարտուղար Վերապատվելի Դր․ Ջերրի Պիլեյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։
Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց ԵՀԽ-ին արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և Արցախին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի համար:
Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններին, Արցախում ստեղված հումանիտար աղետին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը, ինչպես և միջազգային ատյանների կայացրած վճիռների ու հնչեցրած կոչերի անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի քաղաքականության անարգել իրագործման։
Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը խոսեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի մասին:
Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի, անհայտ կորածների ու զոհվածների աճյունների հայտնաբերման գործընթացներում։
Իր հերթին Դր․ Ջերրի Պիլեյն ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց նպաստը բերելու արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը։
ԵՀԽ Գլխավոր քարտուղարի հարցին ի պատասխան՝ Հայոց Հովվապետը լուսաբանություններ տվեց նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։