Ճանապարհը բացեք եթե կարող եք, «ասֆալտ ու բորդյուր կերցրեք» ադրբեջանցուն, եթե կարող եք…Վահագն Սարոյան

Վահագն Սարոյանը գրում է. «Արցախում իրադրությունը ներկայացնելու համար օրհասական կամ սարսափելի բառն այնքան էլ չի համապատասխանում, քանի որ իրականում ավելի վատթար է վիճակը, իսկ բառերը կարող են սակավ լինել ամբողջությամբ նկարագրել այն, թե ինչ է զգում արցախցին այս օրերին։ Օրինակ որքա՞ն կարող ենք ապրել այստեղ՝ Երևանում առանց սննդամթերքի ու կենցաղվարական պարագաների։ Կամ որ մի քանի օրով անջատվի ջրամատակարարումը, գազը, հոսանքը կամ վառելիք չլինի, որ մթերք հասնի շուկա, կամ որ ոչ վառելիք լինի, ոչ էլ մթերք լինի, բոլոր ճանապարհներն էլ փակ լինեն։ Մի պահ պատկերացրեք այդպես է ու եկեք ինքներս մեզ հարց տանք՝ ինչքա՞ն կդիմանանք ու ինչպես կպահենք մեզ… Չնայած մի ինդիկատր արդեն պատասխանը նշմարում է՝ Վայլբերիզից պատվիրելու խնդիր էր առաջացել աղմուկը հասնում էր հյուսիսային բևեռ ուր մնաց այսպիսի հարցեր առաջանան։

Անդադար խոսվում է սովի դեմ պայքար մղելու մասին, որն իրոք հերոսություն է, իրականում դրան զուգահեռ կան շատ ավելի բարդ ու հանգուցված պրոբլեմներ՝ կապված դեղորայքի սակավության ու շատ անհրաժեշտ պրեպարատների բացակայության, հիգիենայի պարագաների, առաջին անհրաժեշտության իրերի, վառելիքի հետ (բենզին, դիզվառելիք), մեքենաների օգտագործման առաջին անհրաժեշտ պահեստամասերի հետ (սկսած յուղերից վերջացրած պահեստամասերով), որը հասարակության տարբեր շերտեր օգտագործում են նոմինալ կենցաղվարության ժամանակ։

Նորածինը կեր չունի, պամպերս չունի, երեխան սնունդ չունի, վիտամիններ չի ստանում, ծննդկանը, առողջապես խոցելի խավը բուժման պայման չունի, մարդն իր տան մեջ ապրելու լիարժեքություն չունի ու այսպես շարունակ…

Հիմա պատկերացրեք, որքա՞ն հումանիտար բեռ է անհրաժեշտ, որ այս 9 ամիսների ընթացքում կորցրածը լրացվի, որ յուրաքանչյուր արցախցի կարողանա վերականգնել ու իրացնել իր նորմալ ապրելակերպը, կարծում եմ սա թվերով չենք կարող ներկայացնել, քանի որ ոչ մի հումանիտար բեռ չի կարող նորոգել արցախցու հոգեվիճակը, զգացածը, կրած զրկանքներն ու ապրումները։ Իսկ արցախցուն իր վշտի հետ մենակ թողնելու, պայքարի մեջ մեջքը չպահելու իրենց «արցախցու անվտանգության երաշխավոր հռչակած» պատասխանատուները որքան հնարավորություն կա լղոզում են ու ավելի են խորացնում պարզ հարցերի անլուծելիությունը… ճանապարհը բացեք եթե կարող եք, «ասֆալտ ու բորդյուր կերցրեք» ադրբեջանցուն, եթե կարող եք…»։

Տեսանյութեր

Լրահոս