Այդքան շոու կազմակերպել, որ, թեկուզ, իրենց բառերով ասած՝ մի քանի տասնյակ ուսուցի՞չ ստանա այդ աշխատավարձը. կրթության փորձագետ

Հայաստանում 400.000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում մի քանի տասնյակ ուսուցիչներ՝ նախօրեին  Ազգային ժողովի նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Առհասարակ, Ժաննա Անդրեասյանի խոսքով, համակարգում ձախողումներ չկան և ամեն ինչ ընթանում է իր հունով:

Տիկին նախարարը, հավանաբար, տեղյակ չէր, որ իր ելույթի նախորդ օրը մի խումբ  ուսուցիչներ հասել էին նախարարություն՝ ասելու, որ իրենք նախարարության համար փորձադաշտ չեն, որ նախարարության «բարեփոխումներն» իրականում չկան:

Այսօր արդեն շուրջ 300 ուսուցիչ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր դպրոցական կոլեկտիվը, կառավարության շենքի առջև էր՝ բարձրաձայնած մտահոգություններն առավել վերին օղակներ հասցնելու նպատակով:

Կարդացեք նաև

168.am-ը այս ուսուցիչներից պարզեց, օրինակ, որ 400.000 դրամ աշխատավարձ ստանալու մասին հայտարարությունն իրականում միֆ է, որովհետև այն իրականում ենթադրում է լրացուցիչ զբաղվածություն:

«Նման բան երազներում էլ չենք կարող տեսնել,- նշեց ակցիայի մասնակից ուսուցիչներից մեկը, իսկ մյուսը հավելեց,- Օրինակ, ես ատեստացիա անցել եմ, ավելի բարձր եմ ստանում. իհարկե, 400.000 չէ, ու հետո՝ 22 ժամ ունենաս, մեթոդմիավորում ու դասղեկություն ունենաս, նոր 300.000 դրամի է հասնում աշխատավարձը:

Բոլոր ուսուցիչները պետք է բարձր աշխատավարձ ստանան ու հարգանքի արժանանան պետության կողմից, առանց մեզ հարցնելու՝ որոշումներ են հրամցնում»:

ԿԳՄՍ նախարարի լավատեսությունը, օրինակ, անհասկանալի է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի համար. ըստ նրա՝ եթե ամեն ինչ լավ լիներ, ուսուցիչներն օրեր շարունակ չէին դժգոհի:

«Այժմ էլ ողջ հանրապետությունում ուսուցիչների մոտ գործադուլ անելու տրամադրություն կա: Դժգոհության ալիքը գնալով մեծանում է»,- նշեց փորձագետը՝ տեղեկացնելով, որ բազմաթիվ զանգեր է ստանում տարբեր դպրոցներից,- Այդ թվում՝ ատեստավորման շուրջ դժգոհություններ: Նաև ուսուցիչների ծանրաբեռնվածությունն է շատացել էլեկտրոնային մատյանների հետ կապված, իսկ աշխատավարձերը, ընդհակառակը՝ մնում են նույնը, իսկ գնաճը շարունակվում է»:

Ատեստավորման արդյունքում բարձրացված աշխատավարձերին անդրադառնալով՝ Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ այս տարվա գարնանը 40.000-ի հասնող ուուցիչներից միայն 4-ն է, որ 400.000 դրամ աշխատավարձ է ստացել:

«Հետո մի քանիսն էլ ավելացան: Բայց եթե նույնիսկ տասնյակներ լինեն, դա չնչին տոկոս է՝ ընդհանուր ուսուցիչների 0.1 տոկոսն է կազմում: Արդյո՞ք սա է մեր նպատակը: Այդքան շոու կազմակերպել. ատեստավորումներ անել, կրկնակի ատեստավորումներ անել, որպեսզի թեկուզ, այդ բառերով ասած, ընդամենը մի քանի տասնյակ ուսուցի՞չ ստանա այդ աշխատավարձը: Մինչդեռ մի քանի տարի առաջ կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ ուսուցչի համար արժանավայել աշխատավարձը կլիներ հենց 400.000 դրամը. այսինքն՝ դա պետք է լինի ուսուցչի միջին աշխատավարձը ՀՀ-ում, որպեսզի կարողանանք խոսել կրթության նվազագույն մակարդակը պահելու և զարգացնելու մասին:

Իսկ ատեստավորման գործընթացը, ինչպես կար թերություններով լի, այդպես էլ մնացել է, և դա է պատճառը, որ բազմաթիվ ուսուցիչներ ուղղակի չեն դիմում այդ քայլին (յուրաքանչյուր տարի հայտարարվում է այդ ատեստավորման մասին, և ամենաշատը՝ ընդամենը 10 տոկոսն է, որ դիմում են, և զգալի մասն էլ չեն մասնակցում):

Իսկ մենք ինչի՞ համար ենք անում այս բարեփոխումները, որպեսզի կրթության որակը լավանա, ուսուցիչների սոցիալ-կենցաղային մակարդակը բարձրանա, բայց, ցավոք սրտի, այդ ամենը բերում է հակառակ արդյունքի»,- ամփոփեց նա:

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարը ԱԺ-ում նաև «ավետել է»՝ ուսուցիչների ատեստավորման նոր փուլը կմեկնարկի սեպտեմբեր 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս