Բաժիններ՝

«Ինչին, որ սովորում է մարդը, այն էլ գործում է»

«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում:

Սովորաբար երեխաների դաստիարակության ընթացքում շատ անգամ թերագնահատվում է սովորությունների զարգացման նշանակությունը, այնինչ այն չափազանց մեծ նշանակություն ունի: Սովորությունների ազդեցությունը մեծ է մարդու կյանքում, լավ սովորությունները կարող են մեծ օգուտ բերել, իսկ վատերը՝ կործանել: Այս դեպքում է սուրբը զգուշացնում ծնողներին, դաստիարակներին՝ ասելով, որ ավելի շատ պետք է վախենալ վատ սովորություններից, քան թշնամիներից: Հետևյալ առածներն էլ, իրենց հերթին, խորիմաստ ճշմարտություններ են փոխանցում, որ սովորությունը՝ լավ կամ վատ, դառնում է երկրորդ բնավորություն, նաև՝ սերմանելով արարք՝ հնձում ես սովորություն, սերմանելով սովորություն՝ հնձում ես բնավորություն և սերմանելով բնավորություն՝ հնձում ես ճակատագիր…

Իր մեղքերի և վատ սովորությունների հանդեպ անտարբեր գտնվողի մասին Երեմիա մարգարեն ասել է. «Թե որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառյուծը՝ իր խայտուցները, դուք էլ կկարողանաք բարություն անել, դուք, որ սովորել եք չարիք գործել» (Երեմիա 13:23):

Մեկ վատ սովորությունը կարող է պատճառ դառնալ մի շարք այլ վատ սովորությունների ևս. «Միաժամանակ, ծուլության վարժվելով, սկսում են տնից տուն շրջել և ոչ միայն ծույլ, այլ նաև բամբասող ու հետաքրքրասեր են և խոսում են իրենց չվերաբերող բաների մասին» (Ա Տիմոթ․ 5:13): Վատ սովորությունները երբեմն մարդու կյանքում դառնում են սովորական կենսակերպ: Իզուր չէ սբ. Պողոս առաքյալի հետևյալ խոսքը՝ ամեն ինչ թույլատրված է ինձ, բայց ամեն բան օգտակար չէ (Ա Կորնթ․ 6:12):

Կարդացեք նաև

Բարի սովորությունների լավագույն օրինակ են սրբերի վարքը: Նրանց վարքն ընթերցելով՝ ծանոթանում ենք նաև այդ սովորությունները ձեռք բերելու ճանապարհներին, որոնք ուղղորդում են Սբ. Գրքի ընթերցանության, հարատև աղոթքի, պահեցողության և բարեգործության: Նրանք՝ սրբերը, ոգեշնչվել և ապրել են աստվածաշնչյան մի շարք կերպարների և Աստվածորդու կենդանի օրինակներով:

Օրինակ՝ աստվածաշնչյան կերպարներից Նոյը, Հոբը և Դանիելը, աստվածահաճո կյանքով ապրելով, իրենց մեջ արթնացրել և զարգացրել են մի շարք բարի սովորություններ: Երկար տարիներ տևած տապանի շինությունը Նոյի և իր ընտանիքի Աստծու հանդեպ հավատի, հնազանդության և բարի սովորությունների արդյունքն է: Նոյն աստվածաշնչյան պատմություն է մուտք գործել որպես կատարյալ և արդար մարդ (Ծննդոց 6:9), իսկ Հոբի մասին Սբ. Գրքում կարդում ենք, որ նա ճշմարտախոս էր և անարատ, արդար էր և աստվածապաշտ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու (Հոբ 1:1): Հոբն իր զավակների խրախճանքների օրերին սովորություն է ունեցել, ըստ նրանց թվի, զոհեր մատուցել՝ ասելով. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին» (Հոբ 1:5): Մարգարեներից Դանիելը, ում մեջ Աստծու Սուրբ Հոգին կար (Դանիել 6:11), բարի սովորություն ուներ օրը երեք անգամ աղոթելու, որից չհրաժարվեց անգամ այն դեպքում, երբ թագավորի հրամանով դա արգելված էր անել և իր կյանքին վտանգ էր սպառնում: Իսկ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, ամեն տարի Իր ընտանիքով սովորություն է ունեցել Սբ. Զատկի տոնին Երուսաղեմ գնալու: Մի օր, երբ Նա եկավ Նազարեթ, ուր Նա սնվել, մեծացել էր, ըստ Իր սովորության՝ շաբաթ օրը ժողովարան մտավ (Ղուկաս 4:16): Եվ Սբ. Գիրքն ուշադիր ընթերցողը բազմաթիվ բարի սովորությունների օրինակներ կարող է քաղել իր կյանքի համար:

Ակնհայտ է այն պարզ ճշմարտությունը, որ մեղքին սովորելով՝ մարդը միշտ ձգտում է դեպի այն և հակառակը, սովորելով բարուն, ձգտում է դեպի բարին՝ Աստծու օրհնությանն արժանանալով: Եթե մարդը սովորում է մշտապես աղոթել, սիրել մերձավորին, բարիք գործել, եկեղեցի հաճախել, ապա և հետո էլ այդպես կվարվի՝ այդ ամենի մեջ գտնելով աստվածային խաղաղություն: Իզուր չէ, որ հին հույներն ասել են. «Ամենամեծ հաղթանակը հաղթանակն է ինքդ քո հանդեպ»:

Հայր Սիլուանն էլ իր կյանքի փորձառությունից հետևյալն է ասել. «Ես իմ կյանքն անցկացրել եմ թե՛ բարի գործերի և թե՛ մեղքերի մեջ և միայն վաթսուն տարեկան հասակում գիտակցեցի, թե ինչ մեծ ուժ ունի սովորությունը: Ինչին, որ սովորում է մարդը, այն էլ գործում է»:

Արդյո՞ք հնարավոր է հաղթահարել վատ սովորությունները: Սբ. Գիրքը պարզորոշ ցույց է տալիս, որ մեզնից յուրաքանչյուր ոք Աստծուն հաշիվ է տալու իր համար (Հռոմ․ 14:12): Եվ Աստված կամենում է, որ ապրենք Իր կամքի համաձայն. «Աստված սուրբ է, դուք էլ սուրբ եղեք ձեր ամբողջ կյանքով» (Ա Պետրոս 1:15): Վատ սովորություններից ազատվել, սբ. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, նշանակում է մոռանալ հին ինքնությունը, նախկին ապրելակերպը՝ ապականված խաբուսիկ ցանկություններով և վերանորոգվել հոգով՝ փոխելով մտածելակերպը և դառնալ նոր մարդ՝ ստեղծված Աստծու պատկերի համաձայն (Եփեսաց․ 4:22):

Նոր մարդ դառնալու համար անհրաժեշտ է ջանք, համբերություն, աղոթք, գուցե և այդ ճանապարհին լինեն արգելքներ և անհաջողություններ, բայց պետք է Աստծու առաջնորդությամբ առաջ ընթանալ, քանի որ ինչ-որ անկարելի է մարդկանց համար, կարելի է Աստծու համար (Ղուկաս 18:27): Եթե մարդը կարծում է, որ վատ սովորությունները երկար ժամանակ են իշխում իրեն, և գուցե հույս չկա, որ կազատվի դրանցից, ապա պետք է վստահ լինի. «Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է. նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթաց․ 5:17):

Վատ սովորություններից ազատվելու համար խնդրենք Տիրոջը սաղմոսերգուի խոսքերով. «Փորձի՛ր ինձ, Աստվա՛ծ, ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շավիղները, և տե՛ս, եթե իմ ճանապարհին անօրենություններ կան, առաջնորդի՛ր ինձ քո հավիտենական ճանապարհներով» (Սաղմոս 138:23-24): Այս խնդրանքի հետ կապված չմոռանանք նաև սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից այս աղոթքը ևս. «Մոլորյալներին դարձի բերող, ետ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռիր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերս և գործեմ արդարություն, և ողորմիր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»:

Կարինե Սուգիկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս