«Մեր տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռն անցի սահմանով. ադրբեջանցիների ու ռուսների միջև բանակցությունները շարունակվում են». Ալյոշա Գաբրիելյան

Նախորդ շաբաթվա վերջին ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունը հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ՝ հաշվի առնելով հումանիտար ծայրահեղ իրավիճակը։ Նաև գրել էին, որ այս օգնությունը Ստեփանակերտ պետք է մտնի Ակնայի ճանապարհով։

Երեկ 168.am-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունը` ռուսական կողմի նախաձեռնությունը ստեղծված հումանիտար աղետի հանգուցալուծման վերաբերյալ, ինչը ենթադրում էր ռուսական Կարմիր խաչի մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտքը Աղդամով Ստեփանակերտ և դրանից հետո` Լաչինի միջանցքի գործարկում ապրանքների տեղափոխմամբ:

Ադրբեջանական կողմը երեկ ուշ երեկոյան չեղարկել էր պայմանավորվածությունը` ասելով, որ միայն Աղդամով մուտքն է լինելու` բացառելով Լաչինի միջանցքի որևէ ձևով գործարկումը: Այս պայմաններում Արցախի իշխանությունները մերժել են նրանց այդ առաջարկը, և փաստացի՝ բեռը, որը պետք է Աղդամով հասներ Արցախ, մուտք չի գործել տարածք:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ արցախցիները հերթապահությամբ փակ են պահում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի Ասկերանի հատվածը, որպեսզի ադրբեջանական «Կարմիր մահիկի» օգնությունը չմտնի Արցախ, քանի որ արցախահայությունը հայտարարել է, որ այս իրավիճակում իրենք հայտնվել են Ադրբեջանի պատճառով, որն 9 ամիս փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ասկերանի նախկին քաղաքապետ, Արցախի ԱԺ երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն ասաց, որ ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռը գտնվում է ադրբեջանական տարածքում, արդեն երկրորդ օրն է։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի այդ բեռն անցնի սահմանով։

Քանի որ Արցախի տարբեր վայրերից գալիս են Ասկերանի ճանապարհին հերթապահության, ապա երկու կարծիք կա, որ այս պահին պետք է բացվի այդ ճանապարհը, երբ ադրբեջանցիներն են արդեն արգելափակում, հետևաբար՝ մեր կողմից ևս ճանապարհի փակումն անիմաստ է։ Իսկ իշխանությունների մոտեցումն այն է, որ վիճակն օրհասական է, և այդ ճանապարհի բացումով պայմանավորվածություն կա, որ երկու ժամ անց Հակարիի ադրբեջանական ապօրինի անցակետով ռուս խաղաղապահների բեռնատարներով հումանիտար բեռը պետք է մտնի Արցախ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ ադրբեջանցիների ու ռուսների միջև բանակցությունները շարունակվում են՝ ռուսական հումանիտար բեռը տեղափոխելու համար։ Թե ինչ ավարտ կունենա այս ամենը, չեմ կարող ասել»,- նշեց Ալյոշա Գաբրիելյանը։

Նա ընդգծեց նաև՝ ռուսական Կարմիր խաչի մեքենաները Ակնայի տարածքում չեն, իսկ արցախցիները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին գիշեր-ցերեկ հերթապահությամբ հսկում են։

«Ուղղակի այս ամենի հանգուցալուծման վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև սա քաղաքական ենթատեքստ ունի, կապված է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի, ոչ այնքան Հայաստանի, որքան Արցախի իշխանությունների հետ։ Կարծում եմ՝ Արցախի նորընտիր նախագահը և իշխանությունը, թեպետ դեռ կառավարությունը չի ձևավորվել, խաղաղապահ ուժերի հրամանատարների հետ ընդհանուր հայտարարի են եկել, որ այդ բեռը պետք է տեղափոխվի։ Հանգուցալուծման վերաբերյալ այս պահին որևէ բան հայտնի չէ, ինքս չեմ տիրապետում մանրամասն տեղեկությունների»,- շեշտեց Ալյոշա Գաբրիելյանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում՝ եթե Ռուսաստանի Կարմիր խաչի օգնությունը Ակնայով մտնի Արցախ, ապա Ադրբեջանը կբացի Բերձորի միջանցքը, մեր զրուցակիցը պատասխանեց, թե իհարկե՝ իրատեսական չի համարում, որովհետև երբ Սամվել Շահրամանյանն իր ընտրվելուց անմիջապես հետո շտապել էր Ասկերան՝ հանդիպելու ճանապարհի մոտ հսկողություն սահմանած քաղաքացիների հետ, նրանք նախագահին հարց էին ուղղել, թե արդյոք ռուսական օգնությունը մեկ անգա՞մ է Ակնայով մտնելու Արցախ, թե՞ հետագայում շարունակություն է ունենալու, նորընտիր նախագահը հստակ չի պատասխանել։

«Հստակ պատասխան չկար, որովհետև սա առաջին քայլն է, որը ցանկանում են ձեռնարկել, թե ինչ կլինի հետո, դեռևս պարզ չէ։ Իմ խորին համոզմամբ, սրանով հարցը չի լուծվելու, որովհետև չի կարելի վստահել Ադրբեջանին, որի նպատակն այն է, որ արցախահայությունը լքի իր հողը՝ Արցախը, թողնենք մեր հայրենիքը։ Եվ չկա որևէ մեկը, որևէ պետություն, որն Ադրբեջանի ձեռքը կբռնի կամ ինչ-որ սանկցիաներ կկիրառի նրա վարած քաղաքականության համար։ Գուցե Ադրբեջանը 1-2 օր, ցուցադրական ձևով ճանապարհը բացի, բայց կրկին փակելու է։

Ես մի քանի տեղ զանգահարել ասել եմ, Արցախի նախագահն էլ է ակնարկել, որ բեռների անցումը մեր սահման, թեկուզ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, անպայման մեր լրատվամիջոցները լուսաբանեն, որովհետև թուրքերը կարող են ի լուր աշխարհի ասեն՝ տեսեք, բեռներն արդեն հասցրել ենք։ Մեր լրատվամիջոցները պետք է ցույց տան, որ այդ բեռն իսկապես ռուսական Կարմիր խաչից է, այլապես այլ քաղաքական երանգ կարող է ստանալ։

Ամեն դեպքում հարցը պետք է լուծվի նոյեմբերի 9-ի պայմանագրի հիման վրա, ըստ որի՝ Բերձորի միջանցքը պետք է անխափան գործի»,- եզրափակեց Ալյոշա Գաբրիելյան։

Տեսանյութեր

Լրահոս