Ռազմական իրավիճակը լարված է, սա կարող է բերել անցանկալի իրադարձությունների. Տիգրան Աբրահամյան
Ռազմական իրավիճակը լարված է, սա կարող է բերել անցանկալի իրադարձությունների. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այն զորավարժությունները, որոնք այսօր համատեղ իրականացնում են Հայաստանն ու Միացյալ Նահագները, նմանատիպ զորավարժություններ իրականացվել են բոլոր այն երկրներում, որոնք մասնակցություն ունեն խաղաղապահ առաքելության իրականացմանն աշխարհի տարբեր հատվածներում։
«Հայաստանի խաղաղապահ բրիգադը տարբեր տարիներին մասնակցություն է ունեցել աշխարհի թեժ կետերում իրականացվող խաղաղապահ առաքելությանը, և այս ընթացում տարբեր երկրներ ընդունել են այս զորավարժությունների անցկացումը։
Կարծում եմ՝ այս թեման այս պահին շատ ավելի սուր է ՌԴ-ի կողմից ընկալվում, որովհետև իշխանությունը սրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, բազմաթիվ հայտարարություններ ու գործողություններ են հնչել, որի պարագայում Ռուսաստանի համար այս հարցը դարձել է առավել նուրբ։ Եթե այս զորավարժությունը տեղի ունենար մինչև 2018 թվականը, չեմ կարծում, թե Ռուսաստանից նման՝ գոնե հրապարակային հայտարարություններ լինեին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այս պահին Արցախում հումանիտար վիճակը բավականին ծայրահեղ փուլում է, որովհետև բացի նրանից, որ մեծ խնդիր կա ցորենի, Գորիսից Ստեփանակերտ հումանիտար բեռների տեղափոխումը փաստացի ձախողվել է։
«Տեղյակ եք, որ վերջին 10 օրերի ընթացքում իրավիճակը գնալով լարվում է, սա առաջին հերթին պայմանավորված է ադրբեջանական զորքերի տեղաշարժերով, զորքերի կենտրոնացմամբ, զորքերի կենտրոնացումը հիմնականում Ակնայի ուղղությամբ է, որը հարակից է Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին։ Այդ ուղղությամբ նկատելի են անընդատ համալրումներ։ Ընդհանուր ռազմական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել բավականին անցանկալի իրադարձությունների»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում