«Արդյունքները գոհացուցիչ չեն մեզ համար». Մովսես Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում վերահաստատեց հանրային տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը սահմանի երկայնքով կուտակում է զորքեր և տեխնիկա:
Եվ թեև նա հայտարարեց, որ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում խիստ սրվել է, ապա նաև դիմեց միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներին միջոցներ ձեռնարկելու՝ տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար, այդուհանդերձ, սովորույթի ուժով, անգամ այս իրավիճակում, չմոռացավ հավատարմություն հայտնել «խաղաղության օրակարգին»:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նշեց, որ ինքը դիրքում չէ, կամ շտաբում նստած, որ պատասխանի այդ մասին հարցերին, այդուհանդերձ նկատեց.
«Դա կանխատեսելի էր: Ես դրան դեռևս անդրադարձել եմ տարի ու կես առաջ»:
Թե որոնք պետք է լինեն այս իրավիճակում լուծումները՝ հարցին ի պատասխան՝ ռազմական գործիչը պարզաբանեց, որ այդ լուծումները կարող է տալ ղեկավարը, ում ձեռքին լծակ կա, որը կարողանում է իրավիճակը գնահատել, տեղյակ է արտաքին ու ներքին մարտահրավերներից:
Այս իշխանություններն ունա՞կ են այդ գնահատականները տալ՝ մեր հստակեցմանը Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Ես գնահատական չեմ տալիս. արդյունքները գոհացուցիչ չեն մեզ համար»: