Պետք չէ ինքնուրույն լրացնել վիտամինների դեֆիցիտը, օրգանիզմում դրանց ավելցուկը կհանգեցնի լուրջ հիվանդությունների
Գաղտնիք չէ, որ արյունն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչներից է, և արյան բաղադրության որևէ փոփոխություն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:
Սակավարյունության և արյան բաղադրության մեջ վիտամինների դերի, դրանց դեֆիցիտի և ավելցուկի հետևանքների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Ներսես Ղահրամանյանը:
Մասնագետն ընդգծեց, որ արյան արտադրության համար կարևոր դեր ունեցող վիտամինները և միկրոէլեմենտները շատ են, բայց կան վիտամիններ, որոնց դեֆիցիտը կամ ավելցուկն առավել հաճախ են առաջացնում խնդիրներ:
«Ամենահաճախակի խնդիրները՝ անեմիան կամ սակավարյունությունն առաջանում են երկաթից, որը միկրոէլեմենտ է, վիտամին B9-ից (ֆոլաթթու) և B12-ից: Բայց պետք է նշեմ, որ կան այլ վիտամիններ, որոնք նույնպես կարող են սակավարյունության պատճառ հանդիսանալ, որոնք շատ ավելի հազվադեպ են հանդիպում»,- ասաց նա:
Բժիշկ-արյունաբանը նշեց, որ այսօր բնակչության գրեթե երեսուն տոկոսն ունի երկաթի պակաս:
Անդրադառնալով այն հարցին, որ վերջին շրջանում շատ են քաղաքացիները ինքնուրույն տարբեր վիտամիններ ընդունում՝ մի շարք խնդիրներ կապելով օրգանիզմում և արյան մեջ դրանց պակասի հետ, մասնագետը նշեց, որ ինքնուրույն փորձել վիտամինների բացը լրացնել՝ սխալ մոտեցում է:
«Վիտամիններից որոշները ջրի մեջ լուծվում են և ավելցուկը մեզի հետ օրգանիզմից դուրս է գալիս, բայց շատ այլ վիտամինների և միկրոէլեմենտների ավելցուկը վնասակար է օրգանիզմին՝ օրինակ՝ նույն երկաթը, եթե այն օրգանիզմում ավելի է կուտակվում, շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Օրինակ՝ կարող է զարգանալ լյարդի և թոքերի անբավարարություն, այսինքն՝ ցանկացած օրգանում ավելորդ երկաթը խնդիր է և առաջացնում է լուրջ հիվանդություններ: Այնպես որ, այդ սովորական և անվնաս թվացող վիտամինները կամ երկաթի պրեպարատները չպետք է օգտագործվեն առանց ախտորոշման և մասնագետի հետ խորհրդակցության»,- ասաց Ներսես Ղահրամանյանը:
Արդյո՞ք հնարավոր է վիտամինների պակասը լրացնել սննդի միջոցով՝ մասնագետը նշեց՝ եթե արդեն կա խորացված լուրջ խնդիր, դա հնարավոր չէ միայն սննդի միջոցով լրացնել, բայց կարելի է տարբեր վիտամիններ պարունակող սննդակարգ ունենալով, կանխել մի շարք վիտամինների պակասը և դրանցից առաջացող մի շարք խնդիրներ:
Արյան լեյկոցիտների և թրոմբոցիտների պակասը ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: Ի՞նչ է անեմիան և ինչպե՞ս է դրսևորվում, որ տարիքային խմբի մոտ է ավելի հաճախ հանդիպում, բուժելի՞ է, թե՞ ոչ և ինչի՞ հետևանքով է առաջանում այն:
Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Գայանե Գաբոյան