Առանց ստորոգյալի ենթական. միայն թե շեֆը գոհ լինի
Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի համար իսկապես կարելի է ցավ ապրել: Երիտասարդ պաշտոնյայի ծառայամտությունը ցավալիորեն նորանոր բարձունքներ է նվաճում: Հասկանալի է, իհարկե, որ չլիներ 2018թ. բաղձալի հեղաշրջումն ու Նիկոլ Փաշինյանին հնազանդության երդում տալու ճակատագրական դիպվածը, Արգիշտի Քյարամյանը միգուցե այդպես էլ չէր հայտնվի իր բաղձալի աթոռին, բայց ամեն դեպքում ամեն ինչ պետք է սահման ունենա: ՔԿ նախագահի դեպքում կարծես թե չունի, այլապես վերջինս կգիտակցեր իր պաշտոնի կարևորությունն ու իր դիրքը և, օրինակ, մարդ չէր խոշտանգի ու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տեսադաշտում չէր հայտնվի:
Շեֆի ընդդիմախոսներին քաղաքական հետապնդման ենթարկելուց, ընդդիմադիր ակտիվիստների վերաբերյալ գործեր «կարելուց» բացի, Արգիշտի Քյարամյանը նաև լրացուցիչ ծառայություններ է մատուցում Նիկոլ Փաշինյանին: Օրինակ, գցել-բռնել ու մտածել է, որ եթե ՔՊ-ական քաղաքապետացու Տիգրան Ավինյանի նախընտրական պաստառը վնասողին ու դրա վրա անպարկեշտ բաներ գրողին ձերբակալի, շեֆը գոհ կլինի: Միգուցե գոհ է, դժվար է ասել, բայց յուրաքանչյուր մարդ, առավել ևս՝ պաշտոնյա, ինքն է ընտրում՝ արժե՞ խայտառակվել, թե՞ ոչ, և ինչի՞ դիմաց դա անել:
«Նախաքննության ընթացքում 57-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Վերջինս ազատ է արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է»,- գրված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:
Երևի դեռ նախաքննությամբ պիտի պարզեն՝ ի՞նչ մոտիվացիա է ունեցել այդ կինը Տիգրան Ավինյանի նախընտրական պաստառը վնասելու համար, ինչո՞ւ է անպարկեշտ արտահայտություն գրել. մեկ էլ տեսար՝ կալանավորելու թեմա լինի:
Ինչպես ասում են, այս ամենը կլիներ շատ ծիծաղելի, եթե այդքան ողբերգական չլիներ: Որովհետև Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն երբեք չի բացահայտի ընդդիմադիր հավաքների մեջ ներդրված սադրիչներին ու որպես հետևանք, ընդհակառակը, կընկնի այդ սադրանքի զոհերի հետևից, անգամ հավաքից մեկ տարի անց: Այդպես եղավ այս տարվա մարտին, երբ ՔԿ-ն տեսանյութ հրապարակեց, թե փնտրում է տեսանյութում պատկերված անձանց: Տեսանյութը նախորդ տարվա Դիմադրության շարժման ընդդիմության հանրահավաքներից էր: Տեսանյութում ձայն չկար, ավելի ճիշտ՝ օրիգինալ ձայնը չկար, և միայն պատկերներից կարողացանք հասկանալ, որ ցուցարարները, ըստ ամենայնի, փողոց են փակել, և մի ավտոմեքենա՝ 06 TT 016 պետհամարանիշներով, մտել է ցուցարարների մեջ, և ինչ-որ խնդիր կա:
Հետո պիտի պարզեինք, որ այդ տեսանյութի օրիգինալ, ձայնով տարբերակը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը»: Իսկ այսօր արդեն պարզեցինք, որ մեր հրապարակումից ու բացահայտումից հետո, որ սադրիչներին ուղարկել էին ՔՊ-ականները, հետո էլ նկարել ու տարածել տեսանյութը, այն փաստորեն անհետացել է «ՀԺ»-ի յութուբյան ալիքից:
Արգիշտի Քյարամյանը նաև հետևողական չեղավ, երբ նույն Դիմադրության շարժման օրերին անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին Կոմիտասի պողոտայում չարամտորեն վթարի էր ենթարկել մի ավտոմեքենա՝ իր դիմաց փողոցը փակելու համար: 168.am-ը թեմայի վերաբերյալ մի քանի հրապարակումներ արեց, հետևողական եղավ, անգամ վարորդին հայտնաբերեցին, բայց վարորդն ընդամենը հրավիրվեց բաժին: Զրուցեցին, ու ամեն մեկը գնաց իր ճանապարհով:
Բայց հո մարդու կյանքն ու Ավինյանի պաստառը նույնը չե՞ն Արգիշտի Քյարամյանի համար, հատկապես որ, ՔՊ կուսակցությունը տուժող է ճանաչվել: Երևի արժե նաև կուսակցությանը հարցաքննել. Մեկ էլ տեսար՝ այնպիսի ցուցմունք տվեց, 57-ամյա կնոջը ցմահ ազատազրկման դատապարտեն: