Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ ԱԱԾ-ում վարույթները շատանում են. աստվածավախ ՔԿ նախագահի կյանքի մյուս դարձերեսը
Երեկ տեղեկություն տարածվեց, որ կալանավորվել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը:
Ըստ Քննչական կոմիտեի (ՔԿ) տարածած հաղորդագրության՝ Առաքելյանը կալանավորվել է անձին արատավորող տեսանյութը չհրապարակելու համար նրանից շորթման փորձ կատարելու համար:
«Վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հավաքելու դիտավորությամբ, «Skype» հավելվածի միջոցով համացանցային շփման ընթացքում նրա մտերիմ կինը տղամարդու հետ վարել է ինտիմ բնույթի զրույցներ, գայթակղել է նրան ու իր գործողություններով դրդել տղամարդուն մերկանալ տեսախցիկի առաջ: Այդ ընթացքում Տ.Առաքելյանը նախապես ներդրված ծրագրի միջոցով տեսագրել է տղամարդուն այդ վիճակում իր մտերիմ կնոջ հետ հաղորդակցվելիս: Այնուհետև, 2015թ․ մայիսին, տղամարդն իր ֆեյսբուքյան էջին ստացել է Տ․Առաքելյանի կողմից «Esmira Aliyeva» անվամբ օգտատիրոջ էջով ուղարկված, իր ինտիմ զրույցի տեսագրությունը պարունակող «Youtube» սոցիալական ցանցի հղումը: Րոպեներ անց Տիգրան Առաքելյանը զանգահարել է տղամարդուն և տեղի ունեցած զրույցի ընթացքում վերջինիս ներկայացրել է խոշոր չափի՝ 2.385.500 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նշված արատավորող տեղեկություններ պարունակող տեսագրությունը տարածել համացանցային տիրույթում, ինչը մերժվել է տղամարդու կողմից»,- մասնավորապես գրված էր ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Տիգրան Առաքելյանն ահազանգում էր ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունում՝ վարչության պետ Ազատ Գևորգյանի աշխաասենյակում, նրա և անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից խոշտանգվելու մասին: Վերջինս նաև հայտարարել էր, որ իրեն խոշտանգում էին ու պահանջում ցուցմունք գլխավոր դատախազի դեմ:
Հետագայում Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հայտարարեց, որ Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Օրեր առաջ էլ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Քննչական կոմիտեի նախագահի ու Երևանի քննչականի պետի կողմից խոշտանգվելու մասին նախկին ակտիվիստի հայտարարությունից ու քրեական գործից մեկ ամիս անց իրավապահները ո՛չ Արգիշտի Քյարամյանին, ո՛չ էլ Ազատ Գևորգյանին մեղադրանք չեն ներկայացրել, և գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) իր հերթին չի բացահայտում, թե արդյո՞ք հարցաքննվել են այս երկու բարձրաստիճան պաշտոնյաները։ Հայտնի է միայն, որ խոշտանգման մասին բարձրաձայնած Տիգրան Առաքելյանը որպես տուժող հարցաքննվել է ԱԱԾ-ում:
Հարգելով անձի անմեղության կանխավարկածը ու կասկածի տակ չդնելով նաև ՔԿ հաղորդագրությունը՝ վերջնական եզրահանգման հանգելու համար, իհարկե, պետք է սպասել դատարանի վճռին, սակայն ինչ էլ որ մարդն արած լինի, ոչ միայն հակաիրավական է, այլև նաև հակաբարոյական, երբ ՔԿ նախագահի անունը կարող է հոլովվել մարդուն խոշտանգելու համատեքստում:
Պատկերացնելն անգամ զարհուրելի է, երբ, օրինակ, անձը, չգիտակցելով իր պաշտոնի ծանրությունը, կարող է սովորական փողոցային «ռազբորկայի» դաշտ մտնել ու ընկերոջ հետ միասին մարդ խոշտանգել:
Բայց ամենասարսափելին այն է, որ սա ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ ծեծի ու անձին խոշտանգելու միակ դրվագը չէ:
168.am-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ ևս երկու նման դրվագով գործ կա ԱԱԾ-ում:
Այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Արգիշտի Քյարամյանի կողմից անձին խոշտանգելու ևս երկու դրվագի վերաբերյալ նյութեր է փոխանցել ԱԱԾ-ին, և իրավապահ այդ կառույցում այդ երկու վարույթներն այս պահին քննվում են:
Բոլորին է հայտնի, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն աստվածավախ մարդ է: Համենայն դեպս, նրան հաճախ կարելի է տեսնել Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում եկեղեցական բոլոր կանոնների պահպանմամբ ժամեր տևող պատարագների մասնակցելիս, ծնկաչոք աղոթելիս: Փաստորեն մյուս կյանքում Արգիշտի Քյարամյանը նաև մարդ է խոշտանգում:
Արգիշտի Քյարամյանը, ինչ խոսք, կարևոր մարդ է Նիկոլ Փաշինյանի համար, այնքան կարևոր, որ կարողանում է խնդրահարույց օրենք գրել տալ, մարդ խոշտանգել, այլ հարցեր լուծել այլ գերատեսչություններում, «սպրոսներ» անել գործընկեր գերատեսչությունների ղեկավարներից ու մարսել:
Դե ի՞նչ, ինչպես ասում են, Աստված վերջը բարին անի: