Արցախցիների պայքարի ոգին իհարկե պատկառանքի է արժանի, ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ ամիսներ շարունակվող շրջափակման ժամանակ. Կարպիս Փաշոյան
Կարպիս Փաշոյանը գրում է. «Արցախցիների պայքարի ոգին իհարկե պատկառանքի է արժանի, ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ ամիսներ շարունակվող շրջափակման ժամանակ։
Նույնիսկ եթե ճնշումները էլ ավելի սաստկանան և Աղդամի ճանապարհի գործարկումը անխուսափելի դառնա, այս գնահատականը որևէ կերպ չի կարող փոխվել։
Այսինքն, ես չեմ բացառում, որ վերոհիշյալ անցանկալի սցենարը կարող է իսկապես կյանքի կոչվել, քանի որ դրա շուրջ կոնսենսուս է ձևավորվել առնվազն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև։ Սա չի նշանակում, թե տերություններն այդ փոխհամաձայնեցված են գործում Արցախյան հարցի շուրջ, պարզապես համընդհանուր մոտեցումն է այդպիսին, որը սաղմնավորվել է Բաքվի ակտիվ մասնակցությամբ և Երևանի լռությամբ։ Ալիևի վրա միջազգային բավականին լուրջ ճնշում կա և նա փոխանակություն է առաջարկում։ Սա Բաքվի համար դիվանագիտական հաղթանակ է, քանի որ ավանդույթի ուժով Ալիևը մաքսիմալ պահանջներ է դնում, իսկ հետո ստանում է այն, ինչ իրականում իրեն պետք էր։
Իհարկե այլ են տրամադրությունները հայկական ֆեյսբուքում, որտեղ ստատուսագիրների մի զգալի մասը համառորեն չեն ուզում առերեսվել իրականության հետ։ Նրանք դեռևս ապրում են #չիզանգելու հեշթեգի մշակութային ներգործության ներքո՝ արցախահայերի անձնուրաց դիմադրությունն իրենց համար ֆուտբոլային երկրպագության պես մի բան դարձնելով։
Իսկ ի՞նչ են մտածում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու նրա փորձագետների փունջը։ Ո՞ւր է Լուիս Բոնոն։ Միգուցե պատրաստվում է իր երկրի նախագահական ընտրություններին, որտեղ քննարկման առանցքային առարկան գենդերների քանակն է։
Իսկ ո՞ւր են ռուս խաղապահները։ Վստահաբար խեղկատակի կարգավիճակում։ Միգուցե Փարիզի քաղաքապետն ու Լիխտենշտայնի արքայազնը կարողանան բանական այլընտրանք առաջարկել։
Չգիտեմ, լուծում չկա։ Արցախցիները ինչ էլ անեն, աջակցում եմ ու հասկանում»: