Բաժիններ՝

Ցանկանում ենք պատշաճ ներկայացնել մեր մայրաքաղաքների արժեքները. Լպուտյանը՝ Մոսկվայի տոնի առթիվ կայանալիք մրցաշարի մասին

Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հայաստանի շախմատի ակադեմիայում նախատեսվում է անցկացնել շախմատի կայծակնային մրցաշար։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը «Արմենպրես»-ի մամլո սրահում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց, որ արդեն ավանդական դարձած շախմատի կայծակնային մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 1-2-ին՝ շախմատի ակադեմիայի և «Մոսկվայի տուն» մշակութային և գործարար կենտրոնի համագործակցության շրջանակում։

«Մենք ցանկանում ենք ավելի լայն ու պատշաճ ներկայացնել մեր երկու մայրաքաղաքների արժեքները, որպեսզի մարդիկ անմիջականորեն տեսնեն, թե ինչպիսի գործընկերություն է զարգանում Երևանի ու Մոսկվայի միջև, կամ ինչպես են վերաբերվում միմյանց երկու մայրաքաղաքները, հետևաբար այդ համատեքստում իրականացվող աշխատանքներն իսկապես շատ կարևոր են»,- ասաց Լպուտյանը։

Խոսելով սպասվող շախմատային մրցաշարի մասին՝ ֆեդերացիայի փոխնախագահը հիշեցրեց, որ անցյալ տարի մրցաշարին ներկա էր Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչը, ում հատկապես զարմացրել էր մասնակիցների թվում այդքան շատ գրոսմայստերների՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հաղթած բարձրակարգ վարպետների ներկայությունը, որոնք մեծ հեղինակություն ունեն շախմատային աշխարհում։

«Այս տարի նույնպես անվանի մարզիկները համաձայնել են մասնակցել մրցաշարին և դրանով իսկ ցույց են տալիս իրենց վերաբերմունքը տոնակատարության նկատմամբ։ Սեպտեմբերի 1-ին կայանալու է ընտրական փուլը, որում ընդգրկված են ավելի քան հարյուր շախմատիստներ։ Վեց հաղթողները եզրափակիչում կմիանան մեր անվանի ութ գրոսմայստերներին ու կվիճարկեն չեմպիոնի կոչումը։ Եթե մրցաշարը հեռարձակվեր ամբողջ աշխարհում, ապա անկասկած, կառաջացներ մեծ հետաքրքրություն իր ներկայացուցչական, հզոր կազմի շնորհիվ»,- ասաց Լպուտյանը։

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահը հավաստիացրեց, որ «Մոսկվայի տան» հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն առանձին մրցաշար կազմակերպելով, ուստի վստահեցրեց, որ իրենք պատրաստակամ են կյանքի կոչել համատեղ հետաքրքիր նախաձեռնությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս