«Ապրելու երկիրը» սպասարկում է իշխանության օրակարգը՝ ընտրությունների գնալով միայն քաղաքային տնտեսության օրակարգով. Սուրեն Պետրոսյան

Հայ ժողովուրդը գտնվում է պատմականորեն բեկումնային փուլում, հետևապես՝ շատ կարևոր է, թե այս վճռական ժամանակաշրջանում քաղաքական դերակատարներն ի՞նչ օրակարգ են գեներացնում, իսկ այս համատեքստում, այն օրակարգը, որն այդ նույն դերակատարները գեներացնում են Երևանի ավագանու ընտրություններին, ցավոք, քաղաքակրթական հանցագործություն է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների՝ հանրությանն առաջարկվող օրակարգերի մասին, նման տեսակետ հայտնեց այդ ընտրությանը մասնակցող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

Ըստ նրա՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, բացի իրենցից և «Մայր Հայաստան» դաշինքից, առաջ են տանում իշխանության օրակարգը և երևանցիների հետ քարոզարշավին մասնակցում են հենց իշխանության օրակարգը սպասարկող խոսույթով՝ բարձրաձայնելով միայն բակերի, վերելակների, այգիների հետ կապված խնդիրներ՝ թողած ազգի առաջ ծառացած գոյաբանական հարցերը։

Կարդացեք նաև

«Մինչդեռ, խորքային փոփոխություններ ցանկացող քաղաքական ուժերը ժողովրդին պետք է այնպիսի օրակարգ առաջարկեն, ինչը կբերի փոփոխություն։ Մենք, օրինակ, առաջարկում ենք մարդկանց գիտակցության մեջ հեղափոխություն կատարող և մարդու դերի վերաիմաստավորման օրակարգ։ Մարդկանց մոտ պետք է ամրապնդել սեփական ճակատագրին տեր լինելու գիտակցումը, որովհետև այն հասարակությունները, որոնց մոտ չկա դա, դրանցում խորքային փոփոխություններ տեղի ունենալ չեն կարող։ Մարդիկ պետք է չհամակերպվեն իրենց մատուցվող այս նվաստացման օրակարգի հետ, պետք է չհամակերպվեն նաև իրենց այդ նվաստացման օրակարգը տրամադրողների հետ»,- ասաց Պետրոսյանը։

Մեր զրուցակցի գնահատմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 15 կուսակցությունների մեծ մասը քարոզարշավի մեկնարկից՝ օգոստոսի 23-ից, սպասարկում են հենց իշխանական օրակարգը, որովհետև փորձում են ՔՊ-ին հաղթել մի դաշտում, որտեղ ՔՊ-ի հետ պայքարելն անիմաստ է։

«Օրինակ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և այլ ուժեր սպասարկում են իշխանության օրակարգը՝ խոսելով միայն քաղաքային տնտեսության մասին։ Իշխանությունն ասում է՝ ամեն ինչ նորմալ է, լուծել ենք բոլոր մարտահրավերները, հիմա էլ ընտրությունները պետք է ընթանան ՏԻՄ-երին բնորոշ օրակարգով, ուստի, եթե ընտրությանը մասնակցող ուժը համաձայնում է սրա հետ և խոսում բակից և այգուց, նշանակում է, համաձայն են, որ երկրում ամեն ինչ կարգին է, և պետք է գնալ ընդամենը կոսմետիկ խնդիրների լուծման»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ իշխանության օրակարգի մեջ մտնելով անհնար է հաղթել իշխանությանը, արդյունքում ստացվում է, որ ընդդիմադիր դաշտում դիրքավորվածներն օգնելու են ՔՊ-ին՝ հաղթել։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս