«Շատ հարցերի վերաբերյալ հստակություն չկար. առաջարկել ենք, որ լինի «3+1»՝ Արցախը դառնա կողմ աշխատանքային խմբին». Դավիթ Գալստյան

Երեկ, երբ ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի անցակետի մոտից առևանգել էր երեք հայ երիտասարդների, երեկոյան Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, իսկ քաղաքացիները հավաքվել էին նախագահականի մոտ՝ պահանջելու նախագահից իրավիճակը լուծելու վերաբերյալ քայլեր ներկայացնել և վերադարձնել երեք առևանգված հայ երիտասարդներին։

ԱԺ արտահերթ նիստին մասնակցել էին նաև Արցախի գործող և նախկին երկու նախագահները։

168.am հետ զրույցում ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսելով արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած քննարկման ընդհանուր թեմաներից, ասաց, որ նախ, թող Արցախի նախագահն ասի, թե ինքն ինչ եզրահանգման է եկել այս ամենից։

«Իհարկե, կարծիքները միանշանակ չէին, ես կարող եմ ընդամենը մեր հնչեցրած տեսակետն ասել՝ իր այն հարցի շուրջ, թե պարտադրում են, հրավիրում են կամ հորդորում են Ադրբեջանի հետ գնալ երկխոսության՝ ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ՝ միջազգային հանրությունը։ Այդ ամենին շատերը, այդ թվում՝ մենք, թերահավատորեն մոտեցանք, որ մենք օրակարգ ու առաջարկներ չունենք, դրա համար էլ այդ ամենը սև ու սպիտակի մեջ է ներկայացվում՝ կամ-կամ»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ իսկ Արցախի նախագահն ասել է, թե երբ  ՀՀ իշխանությունը ստիպում է  Ադրբեջանի հետ գնալ երկխոսության, ասում է նաև, թե ինչ օրակարգով ու ձևաչափով պետք է լինի երկխոսությունը, Դավիթ Գալստյանը պատասխանեց.

«Շատ հարցերի վերաբերյալ հստակություն չկար, հստակեցված չէր նաև Հայաստանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, ավելի կոնկրետ, միայն փոխանցեց Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե պետք է Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կայանա։ Իհարկե, չունենալով հստակ տեղեկատվություն, մենք չէինք կարող հստակ վերլուծություն անել, թե ինչ է սպասվում մեզ»,- հավելեց պատգամավորը։

Նա նաև տեղեկացրեց, որ նիստի ժամանակ հստակ ներկայացրել են իրենց դիրքորոշումը, որ ունեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ եռակողմ ստորագրված փաստաթուղթ, որտեղ կա երեք կողմ, որտեղ կա այդ փաստաթղթից բխող աշխատանքային խումբ։

«Եվ  ինչո՞ւ չէ, թող լինի 3+1, այդ թվում՝ Արցախը կողմ դառնա կամ մաս կազմի աշխատանքային խմբին, և այդպես քննարկվի մնացած բանակցությունները։ Այդ ֆորմատը լինի, որպեսզի մենք չհրաժարվենք նոյեմբերի 9-ի փաստաթղթից, գոնե այնտեղ կա մեկ դրական կետ, որը մեզ համար միջանցք հասկացողությունն է, որը փաստացի այսօր չի գործում, բայց չզրոյացնեն դա։ Այստեղ ՀՀ իշխանությունից պետք է պահանջել, որպեսզի ՌԴ-ից ու Ադրբեջանից պահանջի այդ ֆորմատով քննարկումներ սկսել։ Եթե Արայիկ Հարությունյանի մոտ դա չի ստացվում՝ առաջարկեցինք, որպեսզի դերակատարները փոխվեն՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա և թույլ տա այլ ուժերի՝ գան ու այդ ամենը կազմակերպեն»,- շեշտեց պատգամավորը։

Թե ինչպե՞ս է Արցախի նախագահն արձագանքել այս ամենին, Դավիթ Գալստյանն ասաց, որ արձագանքը միանշանակ բացասական չէր, սակայն, ինչպես հայտնի է՝ Արայիկ Հարությունյանն ասում է մեկ բան, անում՝ բոլորովին այլ բան։

«Ոգևորվել այդ հանդիպումից, որ Արայիկ Հարությունյանը կառուցողական մոտեցավ, որ ասաց՝ այո, եթե անհրաժեշտ լինի՝ հրաժարական կտամ՝ պետք չէ, վստահությունը նրա ասածների նկատմամբ այլևս, կարելի է ասել, մոտեցել է զրոյի»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս