Քաշի կորուստն օգնում է աղիքային բակտերիաներին փոխել մարդու գենի ակտիվությունը
Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաշ կորցնելը կարող է բարելավել աղիքային բակտերիաների վիճակը, որոնք ազդում են մարդու գեների, այդ թվում՝ առողջ նյութափոխանակության համար պատասխանատու գեների վրա: Ըստ shantnews-ի՝ հետազոտությունը հրապարակված է Nutrients ամսագրում:
Կան միկրոբիոմի (մարդու օրգանիզմում բնակեցված բոլոր մանրէների ամբողջականությունը) վիճակի տարբեր ցուցանիշեր։ Դրանցից մեկը կոչվում է ալֆա-բազմազանություն և արտացոլում է տարբեր տեսակի մանրէների քանակը։ Թեև միշտ չէ, որ ճիշտ է, սակայն աղիների ավելի բազմազան միկրոբիոմը հաճախ կապված է ավելի լավ առողջության և նիհարության հետ, բացատրում են գիտնականները:
Նոր ուսումնասիրության ընթացքում կենսաբանները պարզել են, որ աղիների միկրոբիոմի բազմազանության բոլոր ցուցանիշերը ավելացել են քաշի կորստի առաջին երեք ամիսներին: Միաժամանակ նիհարելու մեթոդը նշանակություն չուներ՝ հավասարապես օգտակար էին կալորիաների հաշվումը և ընդհատվող ծոմապահությունը։
Հետազոտողները նաև պարզել են, որ աղիների միկրոբիոմի փոփոխությունն ազդել է արյան բջիջների ԴՆԹ-ի մեթիլացման վրա: ԴՆԹ մեթիլացումը մեթիլ խմբերի ավելացման և հեռացման դինամիկ գործընթաց է, բացատրում են հեղինակները: Սա թույլ է տալիս կարգավորել գեների աշխատանքը՝ առանց ուղղակիորեն փոխելու ԴՆԹ-ն։
Գիտնականները նշել են, որ քաշի կորստի ժամանակ միկրոբիոմի բազմազանության փոփոխությունն ազդել է մարդու առողջ նյութափոխանակության համար պատասխանատու գեների գործունեության վրա։