Մեղքը՝ որպես ներքին կուրացման և խլացման հետևանք
«Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ինքն արտաքին լսողությունից և տեսողությունից բացի ունի նաև ներքին լսողություն և տեսողություն»,- ասել է սբ. Մակար Մեծը:
Եկեղեցու հայրերը մանրամասնորեն անդրադարձել են արտաքին և ներքին զգայարանների տարբերություններին: Սբ. Սարգիս Շնորհալին այդ մասին գրել է. «Ինչպես մենք` մարդիկս, երկու մասից` հոգուց ու մարմնից ենք բաղկացած, այդպես էլ երկու տեսակի զգայարան ենք ստացել. մի մասն արտաքին ու դյուրավնասելի է, իսկ մյուսը` ներքին ու հաստատուն, և նրանց տարբերությունն իրենց կատարած գործից է երևում: Արդ այսպիսի լսողություն է պահանջում և մեր Տերը, երբ ասում է. «Ձե՛զ եմ ասում, դո՛ւք, որ լսում եք» (Ղուկաս 6:27): Արտաքին ականջներով բոլորն էլ լսում էին, մինչդեռ Նա ներքի՛ն լսողություն էր պահանջում: Այլև ասում էր. «Ով լսելու համար ականջ ունի, թող լսի» (Մատթեոս 11:15): Իսկ ինչո՞ւ էր պահանջում այն, ինչ Ինքն էր ստեղծել. պահանջում էր, որովհետև գիտեր, որ արտաքին լսողությունն օգուտ չունի, եթե ներքինը բաց չէ»:
Իսկ եկեղեցու հայրերից մեկ ուրիշն էլ նշել է, որ հոգևոր աչքերը միլիոն անգամ ավելին են տեսնում քան մարմնականը, վերջինս գործիք է հոգևոր աչքի համար՝ ճանաչելու համար բոլոր տեսանելի առարկաները: Հոգևոր աչքերով մարդը տեսնում է հոգևոր աշխարհի երևույթները, քանի որ բացի տեսանելի աշխարհից կա Աստված՝ անվերջանելի Հոգին՝ նյութական աշխարհի Արարիչը: Հոգևոր աչքերը նպաստում են, որ մարդն աստվածճանաչողությամբ հասնի անսահմանելի Աստծուն, մոտենա Կատարելությանը՝ լույսի, մտքի և կյանքի Աղբյուրին:
Ներքին տեսողության և լսողության զարգացումը համարվում է «հոգևոր» մարդու հասակի ցուցիչներից մեկը: «Ներքին» մարդու մեջ աստիճանաբար է զարգանում անդադար ուշադրության ընդունակությունը դեպի իր ներքին աշխարհը՝ դեպի իր մտքերը, զգացումները, հակումները, հարցումներն ու ապրումները: Հարկ է նշել, որ ներքին ականջով և աչքով լսելու ու տեսնելու ընդունակությունն ունենալու կարևորության մասին բազմիցս է նշել Քրիստոս և տրտմել է՝ տեսնելով հրեաների մոտ այդ ընդունակության բացակայությունը. «Անդադար կնայեն, բայց չեն տեսնի, շարունակ կլսեն, բայց չեն հասկանա, որպեսզի չլինի թե Աստծուն դառնան, և Աստված էլ ների իրենց» (Մարկոս 4:12):
Ներքին աշխարհի հանդեպ անտարբերությունը մարդուն զրկում է փրկության հնարավորությունից: Այդ պատճառով սրբերն իրենց ողջ կյանքում ներքին ուշադրությամբ և ջանադրությամբ առավել հսկում և հոգ էին տանում իրենց ներքին մարդուն՝ ամեն կերպ նպաստելով ներքին մարդու կատարելագործմանն արտաքին մարդու շնորհիվ: «Հարանց վարք»-ում կարդում ենք, որ Միրոգեն անունով մի ծեր այնպիսի խստակյաց կյանքով էր ապրում, որ հիվանդացավ ջրգողությամբ: Երբ ծերերը գալիս էին նրան բժշկելու, նա միշտ ասում էր բոլորին. «Հայրեր, աղոթեցե՛ք ինձ համար, որպեսզի իմ ներքին մարդը նման հիվանդության չենթարկվի, իսկ ինչ մնում է ներկայիս հիվանդությանը, ես Աստծուն խնդրում եմ, որ միանգամից ինձ չազատի դրանից»:
Սբ. Իսահակ Ասորու խոսքի համաձայն՝ ով ջանում է մուտք գործել իր ներքին աշխարհը, այնտեղ կտեսնի Երկնայինը: Այնտեղ՝ հոգում են թաքնված Արքայության աստիճանները, որ հնարավորություն են տալիս հասնելու բաղձալի բարձունքին: Ինչպես տեսնում ենք սրբի խոսքերից, ներքին տեսողության և լսողության ընդունակություններն ի գործ դնելով, այսինքն՝ ապաշխարելով, մարդը կարող է հասնել բաղձալի փրկությանը: Քանի որ մարդը ներքնապես կուրանում և խլանում է մեղքի պատճառով: Փրկիչն ասում է. «Մարմնի ճրագը աչքն է, երբ քո աչքը առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Ուրեմն զգո՜ւյշ եղիր, որ չլինի թե քո մեջ եղած լույսը խավարի: Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, առանց խավարի մի մասնիկ ունենալու իր մեջ, այն ժամանակ ամեն ինչ լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագն իր շողերով լուսավորի քեզ» (Ղուկաս 11:34-36):
Տերը խոսում է հոգու աննյութական մարմնի և այն ընդունակության մասին, որի շնորհիվ մարդը կարող է տեսնել այդ մարմնի հագուստը՝ կամ մեղքերից ապականված կամ առաքինություններից գեղեցկացած: Եթե ներքին աչքը մաքուր է, ապա մարդն ընդունակ է տեսնելու իր հոգու հագուստի վրա հայտնված մեղքի հետքերը, իսկ հակառակ պարագայում՝ այդ տեսողության բացակայությամբ, բացակայում է նաև ապաշխարությամբ վերափոխվելը:
Տիրոջ նախախնամությամբ «արտաքին» մարդուց «ներքին» մարդու վերախվելն աստիճանաբար է ընթանում, քանի որ մարդկային հոգին ի վիճակի չէր լինի տանելու այն ծանր ապրումները, որ առաջ կգային ներքին աչքերի հանկարծակի լուսավորումից:
Ինը երանիներից մեկում Քրիստոս երանի է տալիս սրտով մաքուրներին՝ ասելով, որ նրանք Աստծուն պիտի տեսնեն: Նրանք՝ սրտով մաքուրները, իրենց հոգու աչքերով դեռևս այստեղ՝ երկրի վրա, տեսնում են Աստծուն՝ վայելելով Նրա մեծ սերը և նախախնամությունը: Սբ. Հովհան Ոսկեբերանի խոսքի համաձայն՝ սրտով մաքուրները հոգևոր հատուցում են ստանում, քանի որ մենք Աստծուն տեսնելու ավելի պատշաճ առաքինություն չունենք, քան այս առաքինությունն է: Դրա համար սբ. Պողոս առաքյալն ասում է.«Ջանացե՛ք բոլորի հետ ապրել խաղաղ և վարել սուրբ կյանք, առանց որի ոչ ոք չի տեսնի Տիրոջը» (Եբր․ 12:14):
Կարինե Սուգիկյան