Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի անկախության օրվա առթիվ և հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Բայդենի ուղերձը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ դաշնակիցների հետ ցանկանում է պատասխանատվության ենթարկել «ռուսական ուժերին, որոնք Ուկրաինայում պատերազմի հանցագործություններ են կատարել»։
«Դա ներառում է ուկրաինացի հազարավոր երեխաների բռնի տեղափոխումը Ռուսաստան․․․ Այսօր մենք հայտարարում ենք նոր պատժամիջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու այդ բռնի տեղափոխությունների և տեղահանումների պատասխանատուներին, և պահանջում ենք ուկրաինացի երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներ», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, ուղերձում չի նշվում։
ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինային «ազատության համար իր պայքարում հիմա և երկարաժամկետ հեռանկարում»։
Ուկրաինական կողմը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին երեխաներին առևանգելու և իր տարածք տեղափոխելու մեջ։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ Ռուսաստանը հակամարտության գոտուց տարհանել է ուկրաինացի երեխաներին և նրանց կվերադարձնի «երբ պայմաններն ապահով լինեն»։