«Մեքենա ունեցողները դառնում են տաքսիստ, մնացածը՝ քաղաքագետ». Սուրենյանց. «Հրապարակ»

«Բոլոր մարդիկ որ դառնում են գործազուրկ, մեքենա ունեցողները դառնում են տաքսիստ, մնացածը դառնում են քաղաքագետ»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը եւ հավելեց, որ իր համար շատ տհաճ է, որ քաղաքագետի դիրքերից հանդես են գալիս մարդիկ, ովքեր քաղաքագիտական, պատմագիտական կրթություն չունեն եւ որոշել են, որ քաղաքագիտությամբ պիտի զբաղվեն։

«Հերիք չէ՝ ներքին հարցեր են քննարկում, երբեմն աշխարհաքաղաքական ինչ-որ բաներ վերլուծում։ Դա շատ լուրջ պրոբլեմ է դարձել, ցավոք սրտի։ Եվ, ցավոք սրտի, այդ մարդիկ նաեւ տիրաժավորվում են, այսինքն՝ մենք տեսնում ենք, չէ՞, որ ԶԼՄ-ներով, այդ հարթակներով շատ ակտիվ ելույթներ են ունենում, նույնիսկ կենտրոններ են բացում։ Չգիտեմ, այս վիճակն է, ու, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե այս երեւույթի դեմ ինչպես կարելի է պայքարել, բայց, ամեն դեպքում, դա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ արդեն քաղաքագետի մասնագիտությունը դեւալվացվել է»,- ասաց Սուրենյանցը։

Նա նշում է, որ հիմա շատ դեպքերում չգիտի էլ՝ իր ներկայանալը որպես քաղաքագետ պատշա՞ճ է, թե՞ ոչ, չնայած ունի քաղաքագիտական կրթություն։ Սակայն քաղաքական ու լրատվական դաշտի արժեզրկումը բերել է այս երեւույթին՝ քաղաքագիտության արժեզրկմանը։ Մի հետաքրքիր առանձնահատկություն էլ է նա նշում․ իրական քաղաքագետները համեստորեն ներկայանում են որպես քաղաքագետ, իսկ այդ մարդիկ ներկայանում են որպես կոնկրետ հարցով փորձագետ՝ օրինակ։

Հարցին, թե արդյոք դա պատճառ չի՞ դառնում, որ հասարակության շրջանում շրջանառվում են իրականության հետ գրեթե աղերս չունեցող թեզեր, նա ասաց.

«Իհարկե, դառնում է, որովհետեւ, լավագույն դեպքում, իրենք քարոզիչ են, պրոպագանդիստ, բայց իրենք այս կամ այն խմբի շահերը պաշտպանելու գործառույթը ներկայացնում են որպես քաղաքական անալիզ, ինչը մեր հասարակության մոտ, բնականաբար, շփոթ է ստեղծում, որովհետեւ մարդը չի հասկանում՝ կոնկրետ քաղաքական շա՞հ են այս մարդիկ ներկայացնում, թե՞, ասենք, իրական անալիզ են անում»։

Հարցին՝ իսկ ովքե՞ր են ավելի շատ՝ մեքենա ունեցողնե՞րը, թե՞ չունեցողները, ասաց՝ մեքենա չունեցող տաքսիստներն են շատ, որովհետեւ կան աշխարհաքաղաքական վերլուծություններ, որոնք իրականության հետ որեւէ կապ չունեն։

«Օրինակ, եթե որոշ քաղաքագետների հավատանք՝ իրենց անալիզներին լուրջ վերաբերվենք, ապա ֆրանսիական զորքերը մոտեցել են հայ-վրացական սահմանին եւ Հայաստան չեն մտնում միայն այն պատճառով, որ, չգիտեմ՝ եղանակը ցուրտ է, կամ ռուսներն Արցախում կանգնած են։ Բայց մենք գիտենք, չէ՞, որ նման բան չկա»,- նկատեց մեր զրուցակիցը։ Ոմանք հայտարարում էին, որ Ֆրանսիան մեզ զենք է մատակարարում կամ մոտ ապագայում կմատակարարի, կամ մոտ են մատակարարելուն, կամ Արեւմուտքը հեսա մեզ կփրկի։ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից առաջ որոշ մարդկանց վերլուծությունները նայեք՝ այդ մարմինը ներկայացնում էին որպես հրեշտակի դուռ։
«Վերցրեք որեւէ իրադարձությունից առաջ այդ քաղաքագիտության կարծիքները եւ կտեսնեք, որ դրանց 80 տոկոսը մաքուր քարոզչություն է»,- նկատեց Սուրենյանցը։

Հետաքրքրվեցինք նաեւ մեր հասարակությանը պատած լրագրողական «սինդրոմով», որը մեծ տարածում գտավ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո, երբ բոլորը «նյուզմեյքեր» են` ինֆորմացիա են տարածում, օդից կախված լուրեր, լրագրողական հետաքննություններ, եւ նույնիսկ ՀՀ վարչապետն է դա անում: Սուրենյանցը պատասխանեց՝ քանի որ թափանցիկություն չկա, պետական եւ քաղաքական խողովակներով մենք հավաստի տեղեկատվություն չենք ստանում։ Նա հիշեցրեց Ռուբեն Վարդանյանի՝ օրերս հրապարակված տեսանյութը, որտեղ նա մեղադրում է Արայիկ Հարությունյանին՝ տված խոսքը չպահելու, սուտ խոսելու մեջ։ Սակայն մենք որեւէ արձագանք չենք տեսնում. «Քանի որ մենք արձագանքի պակաս ունենք այս դեպքում, Ռուբեն Վարդանյա՞նն է ճիշտ ասում, թե՞ մյուս կողմը․․․ Էլ չեմ խոսում ավելի լուրջ բաների մասին»։

Քաղաքագետի կարծիքով` բազմաթիվ կարեւոր ինֆորմացիաներ հասու չեն հանրությանը, օրինակ՝ մենք չգիտենք բանակցային գործընթացի լրջության մասին, չգիտենք՝ ընդհանրապես ինչ է քննարկվում։ «Հավաստի տեղեկատվության դեֆիցիտը բերում է օդից կախված լուրերի մասով վերլուծություններին, լրատվությանը»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։

Տեսանյութեր

Լրահոս