Բերձորի միջանցքը փոխարինել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ նշանակում է վերջ՝ խեղդամահ անել Արցախը. Դավիթ Բաբայան

Մամուլը պարբերաբար գրում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է մասամբ օգտվել ադրբեջանական կողմի առաջարկած՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով շրջանառվող տեղեկատվության մասին, նախ ասաց, որ Ակնայի ճանապարհը երբեք չպետք է փոխկապակցել, առավել ևս՝ փոխարինել Բերձորի ճանապարհով։

«Նույնիսկ, եթե շատ կարճատև ժամանակահատվածում ինչ-որ դրական բաներ լինեն, այսինքն՝ բերեն ինչ-որ ապրանքներ ու ցույց տան, թե՝ տեսեք, ինչ լավ է, էժան է և այլն։ Բերձորի միջանցքն ունի իրավական և քաղաքական նշանակություն, այն, ըստ այդ չարաբաստիկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի՝ ունի իրավական հատուկ կարգավիճակ։ Այդ ճանապարհով պետք է տեղի ունենա մարդկանց ու բեռների անխափան երթևեկություն, և դրա հիմնական պատասխանատուն Ռուսաստանն է։ Եթե փոխարինում ենք Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը Բերձորի միջանցքով, ապա այդ միջանցքը երբեք այլևս չի լինելու։ Առանց այն էլ այդ ճանապարհն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Հետևաբար, եթե փոխարինում ենք Բերձորի միջանցքը, նշանակում է վերջ՝ խեղդամահ ենք անում Արցախը, որովհետև ցանկացած դեպքում փակելու են նաև Ակնայի ճանապարհը։ Կրնում եմ՝ Ակնայի ճանապարհը երբեք չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին։ Կգործի՞ այդ ճանապարհը, թե՞ չի գործի՝ ժամանակը ցույց կտա, բայց փոխարինել Բերձորի միջանցքի հետ՝ նշանակում է կատաստրոֆա»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նա նաև հայտնեց, թե  նման տեղեկություն չունի, որ Արցախի նախագահը պատրաստվում է մասամբ օգտվել ադրբեջանական կողմի առաջարկած՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ադրբեջանի քարոզչությանը, թե իբր Բերձորի միջանցքը բաց է, և արցախահայությունը երթևեկում է, Դավիթ Բաբայանը նկատեց՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից հետո ադրբեջանական կողմից հրապարակվեց տեսանյութ, ըստ որի՝ մի խումբ ուսանողներ Արցախից մեկնում են Հայաստան, երևի ԱԽ նիստից հետո, դժբախատաբար, պիտի լիներ նման շոու։

«ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում որևէ որոշում չընդունվեց, պարտադիր որոշում չկայացրեցին։ Ադրբեջանական կեղծ քարոզչությանը հակադարձում չի լինում, որովհետև աշխարհն այլասերված է, աշխարհը պիտի պատկերացնենք այնպես, ինչպես որ կա, չպետք է վիրտուալ ինչ-որ բաների հետևից ընկնել»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Խոսելով Արցախում տիրող իրավիճակի և որոշ անձանց կողմից հրահրվող ինտրիգների մասին, մեր զրուցակիցը փոխանցեց, որ այս պահին համեմատաբար իրավիճակը հանգիստ է, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կայունությունը պահպանվի։

«Մենք շատ ծանր իրավիճակում ենք, եթե սկսվեց ներքաղաքական պայքար, ապա դա լինելու է Արցախի վերջը։ Գործընթացները մեծ արագություն են ստանալու՝ Արցախի ապամոնտաժման հետ կապված, որ նույնիսկ չենք էլ պատկերացնում։ Դրա համար պիտի պահպանվի կայունությունը, իսկ ո՞վ չգիտի, որ կան բազմաթիվ խնդիրներ, գիտենք՝ ինչ է կատարվում, բայց դա չի նշանակում, որ պետք է խարխլել, երկրաշարժներ անել։ Հիմա որոշ մարդիկ խոսում են ժողովրդի անունից, մեկն ասում է՝ պիտի նախագահը հեռանա, մյուսն ասում է՝ գալու ենք ԱԺ-ն ցրենք, մեկ ուրիշն այլ բան է ասում։ Իսկ ո՞վ է դրանից օգտվելու, իհարկե թշնամին, հետևաբար՝ ժողովրդի անունից կարող են խոսել, եթե լինեն ընտրություններ, բայց մենք գիտենք, որ չենք կարող ընտրություններ անցկացնել, ուստի ամեն ի՞նչ պետք է անենք, որ այս խեղճուկրակ ժողովրդին փրկենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս