Ինչո՞ւ կոծկվեց ապարանյան թմրաշրջանառության դեպքը, ի՞նչ կապ ունի ՔՊ-ական պաշտոնյան
Շուրջ 20 օր առաջ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, 168.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը մի խումբ անձանց է ձերբակալել՝ հենց թմրանյութի ձեռքբերման ու իրացման պահին: Մեր տեղեկություններով՝ բոլոր ձերբակալվածներն ապարանցի են, իսկ նրանցից մեկը՝ ՔՊ-ական պաշտոնատար անձ։
168․am-ին հասած տվյալներով՝ իրականում թմրանյութի պատրաստման և իրացման շղթա է բացահայտվել։ Վարկած կա, որ թմրանյութերի ձեռքբերման և իրացման շղթայում ենթադրյալ ներգրավված միակ պաշտոնյան մասնավոր դեղատնից հոգեմետ դեղերի ապօրինի իրացմանն օժանդակելու կասկածանքով է բերման ենթարկվել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նշված դեղատունը պատկանում է ձերբակալվածներից մեկին:
Ի դեպ, մարզում ակտիվորեն լուրեր են տարածվում, որ ավելի վաղ Արագածոտնի դպրոցներից մեկում մանկավարժն անչափահասների մոտ թմրանյութ է գտել, ուստի չի բացառվում, որ ոստիկանությունը գնացել է հենց այս դեպքի հետքերով։
Ինչևէ, անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա, մեր տեղեկություններով, ձերբակալվածներից երեքին ոստիկանները բերման են ենթարկել Ապարանից Աշտարակ տանող մայրուղուց՝ Կարբիի մոտերքից, երրորդին՝ Աշտարակից, ըստ մեր աղբյուրի՝ հենց իր աշխատավայրից՝ Պետռեգիստրի գործակալության տարածքային բաժնից։
Ձեռնաշղթաներով Ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխված 4 անձանցից մեկը, 168.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության (ԱՆ) Պետռեգիստրի գործակալության Արագածոտնի ծառայության պետ Հարություն Ղազարյանն է, ով համարվում է Արագածոտնի մարզի իշխանական երկու դերակատարների՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթոս Ասատրյանի և նույն մարզի նախկին փոխմարզպետ ՔՊ-ական Էդգար Փարվանյանի մտերիմներից։
Հարություն Ղազարյանի՝ թմրամիջոցների սպօրինի շրջանառության հետ կապված պատմությանն առնչություն ունենալու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից պատասխանեցին, որ Հարություն Ղազարյանն այս պահին արձակուրդում է: Ինչ վերաբերում է վերջինիս ձերբակալությանը, ԱՆ-ից մեզ խնդրեցին դիմել իրավապահ մարմիններին. հարցն իրենց տիրույթում է:
Մյուս երեք ձերբակալվածներից երկուսի անունն է 168.am-ին հայտնի՝ Հարություն Պողոսյան և Ահարոն Սաֆարյան։ Ի դեպ, երեքին էլ ապարանյան միջավայրում ընկալում և ճանաչում են որպես գործող՝ ՔՊ-ական իշխանությունների հետ իրենց սերտ կապերով հարց լուծող տղաների։
Նկատենք, որ ոչ Ոստիկանությունը, ոչ էլ Քննչական կոմիտեն, ոչ Դատախազությունը այս շղթայական ձերբակալության մասին ինֆորմացիան չեն հանրայնացրել, մինչդեռ մենք տեսնում ենք, որ շատ ավելի նվազ վտանգավորություն ունեցող ենթադրյալ հանցագործությունների մասին ինֆորմացիան շատ արագ մի քանի օրինակով հայտնվում է իրավապահ կառույցների լրահոսում։
Մեր հարցերի պատասխանները դեպքի առնչությամբ չստացանք նաև Դատախազությունից. խնդրեցին գրավոր հարցում ուղարկել շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցած բացահայտման, հարուցված վարույթի ու դրա մասնակիցների ով լինելու հարցի վերաբերյալ:
Քննչական կոմիտեի (ՔԿ) հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, թեպետ տեղեկացանք, որ դեպքի առթիվ հուլիսի 31-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։
Մեր տեղեկություններով, սակայն, ՔԿ-ի պաշտոնական վարկածով՝ ձերբակալված են եղել Ա․ Ս․-ն, Հ․Ղ․-ն և Հ․Կ.-ն։ Նրանցից մեկին՝ Հ․Կ․-ին, ումից ձեռք են բերվել առանձին՝ ավտոմեքենայում և ձերբակալված անձանցից մեկի մոտ հայտնաբերված՝ թմրամիջոցների նմանվող և քրեական պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից անհրաժեշտ նվազագույն քաշի չափը չգերազանցող զանգվածները, ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Վերջինս կալանավորվել է։ Մյուս անձինք արգելանքից ազատ են արձակվել ձերբակալման ժամկետը լրանալու հիմքով։ Նախաքննությունը շարունակվում է, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, բոլոր անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ:
Այսքանը՝ կոծկված դեպքի մասին: Եվ այնուամենայնիվ, հարցերի շրջանակը բավականին ընդարձակ է՝ ինչո՞ւ է թաքցվել դեպքը, ո՞ւմ են ուզում փրկել, ի՞նչ շղթա է գործում, ովքե՞ր են ներգրավված, կա՞ն արդյոք այդ շղթայում հայտնի անուններ, ի՞նչ առնչություն ունեն ձերբակալվածները ՔՊ-ական շրջանակների հետ, մինչև ո՞ւր է տարել կամ չի տարել բացահայտումների շղթան, ինչո՞ւ չի տարել: