«Կանգնել Արցախի կողքին, տարածել ինֆորմացիա իրական պատկերի վերաբերյալ, կատարել գործնական քայլեր». «Unblock Humanity» նախաձեռնության համակարգող

253-րդ օրն է՝ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ:  8 ամիս է՝ Ադրբեջանը փակել է Բերձորի միջանցքը։ 120 հազար արցախահայերի կապն արտաքին աշխարհի հետ մնացել է  միայն բջջային հեռախոսների հույսին, թեպետ այդ կապն էլ ժամանակ առ ժամանակ խափանվում է։ Երկու ամսից ավելի է՝ որևէ հումանիտար բեռ Արցախ չի մտել։ Արցախահայությունը փորձում է հնարավոր բոլոր տարբերակներով աշխարհին ցույց տալ, թե ինչ է  կատարվում Արցախում, տեղի երիտասարդներն իրականացրել են տարբեր նախաձեռնություններ, դրանցից մեկն էլ «Unblock Humanity» նախաձեռնությունն է՝ ամիսներ շարունակ տեսահոլովակներ են պատրաստում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հնարավոր բոլոր միջոցներով տարածում։

168.am-ը զրուցել է նախաձեռնության համակարգող Աիդա Ջանջուղազյանի հետ։

– «Unblock Humanity» նախաձեռնությունն արդեն գործում է երեք ամիս, ի՞նչ արդյունքներ կան, արձագանքներն ինչպիսի՞ն են։ 

– «Unblock Humanity» նախաձեռնության նպատակն է՝ իրականացնել միջազգային մեդիա արշավ Արցախի շրջափակման վերաբերյալ։ Այս նպատակով պատրաստել ենք Արցախի շրջափակման վերաբերյալ ազդեցիկ հոլովակ՝ թիրախային լսարանին համապատասխան հատուկ շեշտադրումներով, որի դիտումների թիվն անցել է 3.6 միլիոնից։ Հոլովակի տարածման համար իրականացրել ենք գովազդային արշավ, ինչպես նաև համագործակցություն մեծ լսարան ունեցող ազդեցիկ մարդկանց հետ։

Կարդացեք նաև

Բացի հոլովակից, ստեղծել ենք նաև կայք, որտեղ պարբերաբար մարդկանց գործողությունների ենք մղում՝ ուղղված Արցախի շրջափակման հարցի լուծմանը։ Այս պահին կայքի միջոցով նամակներ ենք ուղարկում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին միացել են մարդիկ աշխարհի 61 երկրներից։

Նշեմ, որ այս նախագծի ֆինանսավորումը տեղի է ունեցել համահայկական դրամահավաքի միջոցով։

– Այս կարճ ժամանակում կարողացե՞լ եք ձեր առջև դրված նպատակների գոնե մի մասը կատարել։

– Կարճ ժամանահատվածում մեզ հաջողվել է մեր առջև դրված նպատակից երեք անգամ ավելի շատ դիտումներ հավաքել հոլովակի համար, ինչպես նաև արդեն ավելի քան 10.000 նամակ ենք ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ Վերջինս նամակների մեծ հոսքին հաջորդող ժամանակահատվածում ևս մեկ անգամ կոչ է արել անհապաղ բացել միջանցքը՝ հիշեցնելով իր նախորդ հայտարարությունը և նշելով, որ անհանգստացած է ստացվող բոլոր զեկույցներից։

Կարծում ենք, որ մեր կողմից իրականացված արշավը նպաստել է Գլխավոր քարտուղարի հայտարարությանը, ինչը նա չէր անում շատ երկար ժամանակ։

Մեզ են միացել հայաստանյան և սփյուռքի մի շարք ազդեցիկ անհատներ՝ կոչ անելով հայ հասարակությանը անտարբեր չմնալ և մասնակցել Unblock Humanity-ի իրականացվող արշավներին։ Նրանց շարքերում են Սերժ Թանկյանը, Արամեն, Արուսիկ Տիգրանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Զարուհի Բաբայանը, Լուիզա Ղամբարյանը և այլք։

– Նախաձեռնությունն այս ընթացքում ի՞նչ խնդիրների է բախվել։

– Միջազգային մեդիա արշավ իրականացնելու ժամանակ հանդիպել ենք մի շարք խնդիրների․ օրինակ՝ շատ միջազգային լրագրողներ պատրաստակամություն են հայտնել Արցախի շրջափակման մասին հոդված գրելուն, բայց խմբագիրները չեն հրապարակել, կամ մի շարք միջազգային լրագրողների համար տվյալ թեման փակված էր, և նույնիսկ ինֆորմացիա չէինք կարողանում փոխանցել։

 – Սոցիալական ո՞ր հարթակներում են տարածվում ձեր պատրաստած տեսահոլովակները։

– Ակտիվ վարում ենք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը, իսկ մեր  գլխավոր էջը կարող եք գտնել Unblock Humanity յութուբյան ալիքում։

– Արդյոք միայն այս նախաձեռնությամբ հնարավո՞ր է իրավիճակ փոխել, Ձեր կարծիքով՝ է՞լ ինչ է պետք անել։

– Unblock Humanity նախաձեռնությունը կոչ է՝ ուղղված ամբողջ մարդկությանը։ Արցախի շրջափակումը միայն հայության խնդիրը չէ, այլ ամբողջ ժողովրդավար մարդկության։
Այս նախաձեռնության միջոցով կարող ենք ողջ աշխարհին իրազեկել, թե իրականում ինչ է կատարվում Արցախում։ Բոլորիս պարտքն է համախմբվել, կանգնել Արցախի կողքին, տարածել ինֆորմացիա իրական պատկերի վերաբերյալ և կատարել գործնական քայլեր։ Իհարկե, միայն մեր նախաձեռնությամբ իրավիճակն ամբողջովին փոխել հնարավոր չէ։ Մենք ողջունում ենք նաև այլ նախաձեռնություններ, որոնք կատարում են հստակ քայլեր։

Տեսանյութեր

Լրահոս