«Երկիրը տվել ենք մարդկանց, որոնք իրենց տեղում չեն. գոնե նամուս ունենան, փրկեն այն, ինչ կա». Անահիտ Մարտիրոսյան

«Շատ մարդիկ չեն հասկանում, եթե կորցնենք Արցախը, ինչպես Ավոն է ասել՝ մենք կշրջենք մեր հայոց պատմության վերջին էջը։ Այսօրվա օրով դեռ ուշ չէ, որ մենք ուշքի գանք, ազատվենք…»,- 168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Անահիտ» ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։

Նա նաև ասաց, որ նախ պետք է ազատվել ռուս-թուրքական տանդեմից, շեշտելով, որ հայ ազգն ամեն անգամ հույսը դրել է այլ ազգի վրա, սխալը հենց դրանից է սկսվում։

«1988 թվականի Սումգայիթի ողբերգությունից հետո ինչպես ենք կարողացել մեկ բռունցք դառնալ ու ազատագրել մեր հողերը, Արցախը։ Այդ ժամանակ մարդկանց մեջ հաղթանակի ծարավը կար, զզվել էին, 20-րդ դարում հայի գլխին նորից ցեղասպանություն՝ Սումգայիթ էին սարքել։

Գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր, որ մենք գիտենք, թե ինչ է արել Լենինը, Ստալինը, Կրեմլը, չեմ ասում ընդհանուր ՌԴ-ի համար, քանի որ տեսնում ենք, որ այնտեղ էլ պատգամավորներ, քաղաքագետներ հայի կողմից են, որոնք իրոք պատմություն գիտեն։ Մենք նախ պետք է ազատվենք մեր ներքին թշնամիներից, որ բառ առ բառ ասում են՝ «Արցախն Ադրբեջան է», ազատվենք, մեր հայրենիքը մաքրենք դրանցից և մենք մեր ձեռքով՝ հայերս, կերտենք մեր ապագան։ Յուրաքանչյուր հայ մեղավոր է, բոլորս մեղավոր ենք, որ այսօր այս ողբերգությունը կատարվել է։ Պահ է լինում, որ ինձ թվում է, թե մղձավանջի մեջ եմ, և տա Աստված, որ գա օր, ու ես արթնանամ այդ ամենից։

Կարդացեք նաև

Մի՞ թե չեն տեսնում, որ այսքան ժամանակ Ալիևն ինչ ուզում՝ անում է հայի գլխին, նույնիսկ Կարմիր խաչի մեքենայից մարդուն իջեցնում ու տանում է Բաքու, համարելով նրան «ահաբեկիչ»։ Աշխարհում չկա ազգ, որ չիմանա՝ Արցախի ամբողջ հողերը պատկանում են  Հայաստանին»,- նշեց Անահիտ Մարտիրոսյանը։

Փոխգնդապետի կարծիքով, եթե մի իշխանություն չի կարողանում պահել հայրենիքը, ուրեմն՝ պիտի հեռանա։ Ժողովուրդը տանը նստելով ու համացանց մտնելով՝ ոչինչ չի փոխելու։

«1988 թվականին մեկ բռունցքով, փոքր ու մեծ, բոլորը դրսում են եղել ու պայքարել են, որովհետև կատարվել էր Սումգայիթ, ողբերգություն էր կատարվել մեր ազգի հետ։ Թուրքի հետ պիտի խոսես իր լեզվով։

Գիտեք, մենք մեր հայրենիքը մեր ձեռքով տվել ենք մարդկանց, որոնք չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը, դրա համար յուրաքանչյուր մարդ պիտի իր տեղում լինի։ Իրենք իրենց տեղում չեն, իսկ եթե իրենց տեղում չեն, թող դուրս գնան, գոնե նամուս ունեն, փրկեն այն, ինչ կա։ Ես տեսնում եմ այն, ինչ տեսնում են իմ մարտական ընկերները, որոնք իսկապես ցավում են իրենց ազգի համար։

Մեկ անգամ ինձ հարցրել են, թե ինչո՞ւ ես էլ դուրս չեմ գալիս ու պայքարում, մինչև չտեսնեմ այն ուժը, որը չի ներկայացնում որևէ ուժային կառույցի, ինչ-որ մի թևի, ես չեմ կարող։ Այստեղ գլոբալ հարց է ծագել, ու չպիտի ասեն՝ նախկիններ ու ներկաներ, այստեղ դուրս է եկել փրկության պարամետրը։ Եթե այս իրավիճակը չօգտագործենք մեր օգտին… Մեր ամենամեծ ողբերգությունն այն է, որ դիվանագետներ չունենք, որոնք կներկայացնեն Հայաստանն այնպես, ինչպես որ դարեդար եղել է։ Մեզ լավ դիվանագետներ են պետք, պետք են մարդիկ, որոնք նախ սիրում են իրենց հողը, հայրենիքը և ուզում են ազատ ու անկախ հայրենիքում ապրել։ Արցախը միացնեն Հայաստանին, որովհետև Արցախը Հայաստանի ամենամեծ սիրտը պիտի լինի, ո՛չ Արցախը կարող է առանց Հայաստանի գոյատևել, ո՛չ էլ Հայաստանը՝ առանց Արցախի։ Չպետք է լինի արցախցի, հայաստանցի, գյումրեցի, 2018 թվականից այս կողմ ազգին արհեստական ձևով պառակտել են։ Այսօր, որ լսում եմ դրանց, ուղղակի մազերս բիզ-բիզ են կանգնում, ասում եմ՝ մի՞թե սա իմ ազգն է»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր պետք է ամբողջ հայ ազգը մտածի Արցախի ու արցախահայության մասին, քանի որ, երբ մարդը միայն իր մասին է մտածում, արդեն իսկ պարտված է՝ այդպես չի կարելի։

«Այսօրվա իշխանությունը մեր հայրենիքին ու ժողովրդին ձեռք է առնում, իրենց այս ժողովուրդը պետք չէ, իրենց պետք են իրենց փողերը, ունեցվածքը։ Մեկ անգամ Արկադի Տեր- Թադևոսյանն ասաց, որ ամոթ է աղքատ երկրում լինել հարուստ։ Վազգեն Սարգսյանն էլ ասել է՝ մի կռվեք աթոռի համար, կռվեք հողի համար, որ աթոռը դնելու տեղ ունենաք։ Վաղը-մյուս օրն աթոռ դնելու տեղ չեք ունենալու։ Իրենց թվում է, որ վաղը թուրքը Հայաստանն ու Արցախը վերցրեց, իրենք ապրելո՞ւ են, չեն ապրելու, փախնեն էլ՝ չեն ապրելու»,- շեշտեց Անահիտ Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս