«Խայտառակություն, հանցագործության մեջ մեղադրվողին բանտից արձակուրդ են տրամադրում. երկրագնդի վրա նման բան չկա». Սամվել Մխիթարյան

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում ծեծի ենթարկված և 2023 թվականի ամռանը մահացած ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով հերթական դատական նիստը։

Փոխգնդապետի հարազատները, այդ թվում՝ նրա հայրը՝ Սամվել Մխիթարյանը, այդ դատական նիստի ժամանակ տեղեկացել է, որ այս պահին գործով միակ կալանավորված Հարություն  Գրիգորյանը քրեակատարողականից արդեն 2 անգամ արձակուրդ է գնացել տուն։

«Իր փաստաբանն ասաց, որ իրեն լավ է պահել, դրա համար բանտից 2 անգամ արձակուրդ են թողել, կարծեմ «Նուբարաշեն» քրեակատարողականում է նստած։ Ասում է՝ դե, լավ է պահում իրեն, ուզում էին հանել ու տանել տնային կալանքի, բայց չստացվեց, ուստի որոշել են արձակուրդ ուղարկել, ու վերջինս փախուստի չի դիմել։ Սա խայտառակություն է, հանցագործության մեջ մեղադրվողին արձակուրդ են տրամադրում, երկրագնդի վրա նման բան չկա։ Բանտից մարդուն արձակուրդ են տալիս, այն էլ մարդուն, ով մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ։ Այս մասին բարձրաձայնեք, բոլորը թող իմանան։

Այդ մարդու կալանքի ժամկետը երկարացրել են մինչև սեպտեմբերի 14-ը, կարծում եմ՝ չեն կարողանալու բաց թողնեն»,- 168.am հետ զրույցում նշեց Սամվել Մխիթարյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ 2019 թվականից սկսած մինչև օրս տեղի ունեցած որևէ դատական գործընթաց իրենց չի բավարարել։

Ինչ վերաբերում է միջադեպի օրը ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ներկայությանը, Սամվել Մխիթարյանն ասաց.

«Եթե ժողովուրդն ասում է՝ հոն է եղել, ուրեմն՝ հոն է եղել։ Այդ տեսախցիկներն էլ որ դրել են, բոլորը շինծու բան է։ Դրա համար ինքս այս ամենից որևէ ակնկալիք չունեմ, հույսս դրել եմ Աստծո ու մարդկության վրա, որ ինչ-որ հանցագործը կնստի բանտում ու իր պատիժը կկրի, միայն դրանից հետո իմ սիրտը կհանգստանա»։

Սամվել Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում վերջին շրջանում սկսված թոհուբոհի մեջ չի թողնելու, որ որդու գործը փակեն, մոռացվի-գնա։

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մի քանի տարի կոմայի մեջ մնալուց հետո 2023 թվականի փետրվարին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն  Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել, սակայն նորից ազատազրկվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:

Դեպքի ժամանակ ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Տեսանյութեր

Լրահոս