Ուռուցքաբանը զգուշացրել է մաշկի քաղցկեղի նախանշանների մասին
Մաշկաբան-ուռուցքաբան Օլգա Անտոնովան թվարկել է մաշկի բարորակ գոյացությունների տեսակները, որոնք հակված են չարորակ դառնալու։ Նրան մեջբերում է «Մոսկվա 24»-ը։
Անտոնովան նախազգուշացրել է, որ մաշկի նախաքաղցկեղային հիվանդությունները ներառում են ծերունական կերատոման, քսերոդերմա պիգմենտոզումը և մաշկային եղջյուրը:
Ծերունական կերատոման, ըստ մասնագետի, սովորաբար ի հայտ է գալիս 35 տարեկանից բարձր մարդկանց մոտ և մաշկի վրա մինչև 2,5 սանտիմետր տրամագծով բծի տեսք ունի: Ժամանակի ընթացքում այն թանձրանում է, կեղևավորվում և գույնը փոխում դեղինից մինչև մուգ շագանակագույն։
Մաշկային եղջյուրը, ըստ ուռուցքաբանի նկարագրությունների, դեղին կոնանման նորագոյացություն է՝ կարմիր եզրագծով։ Անտոնովայի խոսքով՝ այն հայտնվում է մարմնի բաց հատվածներում։
«Վտանգավոր կարող է լինել նաև պիգմենտային քսերոդերման, որը բծեր է ենթադրում, որոնք ի վերջո վերածվում են գորտնուկների գոյացությունների», – ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը:
Անտոնովան հավելել է, որ մաշկի վրա նկատելով այդ փոփոխություններից մեկը՝ պետք է խորհրդակցել բժշկի հետ, ով կպարզի՝ արդյո՞ք կա քաղցկեղի առաջացման վտանգ, բուժում կնշանակի։
«Եթե նորագոյացությունները ժամանակին հեռացվեն, ապա դրանք չարորակ ուռուցքի չեն վերածվի»,- եզրափակել է ուռուցքաբանը։