Հայաստանից քաղաքացիների ավելի շատ ելք է եղել, քան մուտք

Հայաստանի ապագայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները սահմանափակվում են նրանով, որ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ հիպոթեքով բնակարան են գնում։ Մինչդեռ այդ նույն ժամանակ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ շարունակում են հեռանալ երկրից։ Անգամ այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով բավական մեծ թվով քաղաքացիներ նախընտրեցին տեղափոխվել Հայաստան, մարդկանց տեղաշարժն էլի բացասական է։ Գնացողներն ավելի շատ են, քան եկողները։

Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է տարեսկզբի հինգ ամիսներին Հայաստան քաղաքացիների մուտքերի ու ելքերի դինամիկան։ Համաձայն դրա, երկրից քաղաքացիների ավելի շատ ելք է եղել, քան մուտք։

Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը հունվար-մայիսին Հայաստան 1 մլն 629,7 հազար քաղաքացու մուտք է արձանագրել։ Ելքերը դրանից ավելի շատ են եղել՝ 1 մլն 642,1 հազար։

Ելքերը 12,4 հազարով գերազանցել են մուտքերին։

Հայաստանից դուրս եկողներն այս տարի նույնիսկ շատացել են։ Անցած տարի բացասական տարբերությունը 8 հազարի շրջանակներում էր։

Տարբերությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե այլ երկրների քաղաքացիների պարագայում չունենայինք մուտքերի աճ, ելքերի համեմատ։

Բայց որքան էլ շատերին կարող է զարմանալի թվալ, դա չի եղել Ռուսաստանի քաղաքացիների հաշվին։ Ռուսաստանի ավելի շատ քաղաքացի է գնացել Հայաստանից, քան եկել է։

Այլ երկրների քաղաքացիների մուտքերի ավելացումը հիմնականում Վրաստանի և Հնդկաստանի քաղաքացիների հաշվին է։ Վրաստանի պարագան կարծես պարզ է. այն կապված է այդ երկրում ապրող մեր հայրենակիցների տեղաշարժերի հետ։ Հնդկաստանի դեպքում բոլորովին այլ իրավիճակ է. այստեղ վերջին շրջանում հետաքրքիր, ինչ-որ առումով՝ գուցե նաև մտահոգիչ դրսևորումներ են նկատվում, որոնց դեռ կանդրադառնանք։

Մինչ այդ՝ նշենք, որ Հայաստանի քաղաքացիների տեղաշարժերի հաշվեկշիռը կրկին բացասական է։ Ավելի շատ դուրս են եկել, քան վերադարձել։

Տարեսկզբի հինգ ամիսներին սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգն արձանագրել է Հայաստանի քաղաքացիների 667,9 հազար մուտք։ Ելքերը 689,3 հազար են։

Ելքերը 21,4 հազարով գերազանցել են մուտքերին։

Այսինքն՝ կրկին ավելի շատ գնացել են, քան եկել։ Դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ հանգամանքների բերումով, Հայաստանի շատ քաղաքացիներ նախընտրում են վերադառնալ։ Բայց անգամ այդ պայմաններում Հայաստանից դուրս եկած քաղաքացիների ելքերը գերազանցել են մուտքերին։

Արձանագրված 21,4 հազար տարբերությունը գուցե համադրելի չէ արտագաղթի կոնկրետ ցուցանիշի հետ, բայց փաստում է, որ Հայաստանից արտագաղթը շարունակվում է։ Ավելի շատ գնում են, քան գալիս։

Փետրվարից սկսած՝ բոլոր հաջորդ ամիսներին երկրից Հայաստանի ավելի շատ քաղաքացի է դուրս եկել, քան վերադարձել։ Պիկն արձանագրվել է հատկապես ապրիլին։ Այդ ամսին գրեթե 19 հազարով ավելի ելք է եղել։

Նախորդ տարի էլ ապրիլը պիկային էր, սակայն մեկնումներն առնվազն 5 հազարով քիչ էին։

Մայիսին մեկնողները գրեթե 3,2 հազարով ավելի են եղել, քան վերադարձողները։

Տարեսկզբի հինգ ամիսներին ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժերի հաշվեկշիռն է բացասական։ Նրանց ելքերն ավելի շատ են եղել, քան մուտքերը։

Հինգ ամսում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանի սահմանը՝ մուտքի նպատակով, հատել են 596,7 հազար անգամ։ Այնինչ՝ ելքերը 598,7 հազար են։

Գրեթե 2 հազարով ելքերը գերազանցել են մուտքերին, ինչը նշանակում է, որ ոչ միայն այս տարի, այլև նախկինում եկածների մի մասն է գնացել։

Հիշեցնենք, որ տարբեր հաշվարկներով, ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո անցած տարի Հայաստանում 50-100 հազարի կարգի Ռուսաստանի քաղաքացիներ էին հանգրվանել։ Դատելով քաղաքացիների տեղաշարժի վերաբերյալ հրապարակված տվյալներից, այս տարի նրանց մի մասը վերադարձել է կամ գուցե տեղափոխվել այլ երկիր։

Շատ երկրների քաղաքացիների Հայաստան մուտքի ու ելքի առումով էական տարբերություններ գրեթե չկան։ Սակայն դա ակնհայտ է հատկապես Հնդկաստանի քաղաքացիների պարագայում՝ մուտքերը մի քանի հազարով ավելի են, քան ելքերը։

Դա նշանակում է, որ նրանց մի մասը մնացել է Հայաստանում, ինչն ակնհայտ է՝ նաև առանց պաշտոնական ցուցանիշների։

Վերջին շրջանում Հայաստանի փողոցներում ավելի հաճախ կարելի է հանդիպել Հնդկաստանի քաղաքացիների։ Ընդ որում, նրանց մի մասն աշխատանքային միգրանտներ են, որոնք այստեղ տարբեր ու համեմատաբար ցածր վարձատրվող աշխատանքներ են կատարում՝ գյուղատնտեսությունից սկսած՝ ծառայություններով ու շինարարությամբ ավարտված։

Հինգ ամսում Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան եղել է 13,5 հազար, ելքերը՝ 10,5 հազար։

Երեք հազարով մուտքերը գերազանցել են ելքերին։

Կտրուկ ավելացել է նաև Հայաստանի սահմանը հատող Հնդկաստանի քաղաքացիների քանակը։

Անցած տարվա առաջին հինգ ամիսներին այդ երկրի քաղաքացիների մուտքերը գրեթե 2,2 անգամով քիչ էին։ Տեղաշարժերի առումով ևս մեծ տատանում չկար՝ մուտքերն ու ելքերը գրեթե հավասար էին, նույնիսկ մեկնողներն ավելի շատ էին, քան եկողները։

Այս տարի պատկերը բավական կտրուկ փոխվել է։ Հայաստանը կարծես ավելի շատ է սկսել գրավել Հնդկաստանի քաղաքացիներին, որոնց մի մասը փորձում է այստեղ աշխատանք գտնել ու փող վաստակել։

Անցած տարվա առաջին հինգ ամիսներին Հնդկաստանի քաղաքացիների մուտքերը Հայաստան կազմել էին ընդամենը 5,6 հազար։ Ելքերն էլ դրա դիմաց 5,7 հազարի կարգի էին։

Այս տարի մուտքերը գերազանցել են 13,5 հազարը, ելքերը՝ 10,5 հազարը։

Դա, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների կողմից գրեթե 5 հազարով ավելի մուտքերը, ելքերի համեմատ, ինչ-որ առումով մեղմել են մարդկանց հոսքերի բացասական պատկերը։

Բայց այստեղ կարևորն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների տեղաշարժն է, որոնք շարունակում են ավելի շատ գնալ, քան վերադառնալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս