«Ամեն օր իմ հաշմանդամություն ունեցող տղան լոլիկ ու պղպեղ է ուտում, մնացել ենք օդից կախված». Արփիկ Հովհաննիսյան

244-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շարունակում է շրջափակված մնալ Ադբեջանի կողմից։ Հազարավոր ընտանիքներ շրջափակման հետևանքով հայտնվել են դժվարին կացության մեջ, այդ ընտանիքների անդամների մի մասը մնացել է Հայաստանում, մյուս մասը՝ Արցախում։ Կան ընտանիքներ, որոնց անդամները եկել են Հայաստան՝ բուժվելու, և այժմ չեն կարողանում վերադառնալ Արցախ։

Այդ ընտանիքներից մեկն էլ Մարտունու շրջանում բնակվող Արփիկ Հովհաննիսյանի ընտանիքն է, մի որդին Երևանում բուժում է ստացել, դեռևս հիվանդանոցում է, մյուս տղան Մարտունիում է, ունի հաշմանդամության խնդիր, սակայն չունի հնարավորություն Երևան գալու և բուժվելու համար։

«Բուժման համար գումար էլ չկա, տղաս հաշմանդամության թոշակ է ստանում՝ 34.000 դրամ, որևէ բանի չի բավականացնում, միայն կարողանում եմ դեղերն առնել։ Որդուս պիտի տանեմ վիրահատության, բայց չեմ կարողանում, մի կողմից՝ գումար չկա, մյուս կողմից՝ ճանապարհները փակ են։

Մյուս տղաս Երևանում հիվանդանոցում է պառկած, վիրահատել են, ես չեմ կարողանում գոնե իմ որդուն գնամ տեսնեմ, շատ դժվար իրավիճակում ենք հայտնվել»,- 168.am հետ զրույցում նշեց Արփիկ Հովհաննիսյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ ճանապարհներն այս պահին բացեն, միևնույն է՝ չի կարողանալու որդուն հասցնել Երևան վիրահատության, քանի որ գումար չունի։

«Մինչև շրջափակումն աշխատում էի, լավ, թե վատ, ապրում էինք, շրջափակման հետևանքով աշխատանքս կորցրել եմ, Մարտունիում էլ պետական աշխատանք չկա, որ աշխատեմ, չգիտեմ՝ ինչ անեմ, մնացել ենք օդից կախված։

Մեր առօրյան շատ դժվար է անցնում այս պայմաններում, մի փոքր հող ունենք, դա եմ մշակել՝ լոլիկ ու պղպեղ, ամեն օր իմ հաշմանդամություն ունեցող տղան դա է ուտում, այլ բան չունենք։ Մեկ-մեկ էլ դաշտ եմ գնում, բանջար եմ բերում, որ խաշեմ՝ ուտենք, այլ հնարավորություն չունենք»,- եզրափակեց Արփիկ Հովհաննիսյանը։

Հ.Գ. Արփիկ Հովհաննիսյանին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել այս հաշվեհամարին՝

«Արցախ բանկ»՝ 90 51 35 02 00 87 53 32

Տեսանյութեր

Լրահոս