Ադրբեջանը նպատակադրված կրակել է քաղաքացիական մեքենայի ու անձանց ուղղությամբ. թիրախը հենց մարդիկ են եղել». Սարուշենի գյուղապետ

Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության  ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական դիրքերից կրակել են Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Կրակոցի հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել։

«Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- նշված էր հաղորդագրության մեջ։

168.amի հետ զրույցում Սարուշեն գյուղի ղեկավար Կարեն Գասպարյանն ասաց, որ գյուղատնտեսական աշխատանքները դեռ չեն վերսկսել։

Կարդացեք նաև

«Իհարկե, Ադրբեջանը մշտապես է կրակել գյուղերի ուղղությամբ, մեծ մասամբ օդ են կրակել՝ վախեցնելու համար, բայց այս անգամ նպատակադրված կրակել են հենց քաղաքացիական մեքենայի ու անձանց ուղղությամբ. թիրախը հենց մարդիկ են եղել։

Դրանից հետո էլ ինչ փորձ անեինք բերքահավաքի,  անվտանգ չէ, պետք է կարողանանք մարդկանց անվտանգությունը գոնե մի ձև ապահովենք, որ անենք»,- նշեց Կարեն Գասպարյանը։

Սարուշենի ղեկավարի խոսքով՝ ռուս խաղաղապահները մշտապես կանգնում են, որ մարդիկ կարողանան իրենց բերքը հավաքել, կրակոցների պահին նրանք կրկին կանգնած են եղել, սակայն ադրբեջանական կողմը սադրել է ու կրակել։

«Ցորեն էինք հավաքում, նոր-նոր էինք սկսել, մի 15 րոպե էլ չկար, կրակոցները սկսվեցին։ Ցորենի բերքը որքան էլ լինի՝ պետք է Ստեփանակերտի բնակիչներին բաժին հանենք, հիմա այնտեղ բնակվողները բոլորն էլ մեր բարեկամներն են, իմը-քոնը այս իրավիճակում չկա։ Մենք պետք է պարենային անվտանգության հարց լուծենք»,- հավելեց Կարեն Գասպարյանը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ անելու են, որպեսզի ցորենը հավաքեն, մոտ 70 հեկտար կա, չեն թողնելու առանց հավաքելու։

«Հնարավոր է, ցորեն է, դրա համար էլ կրակում են ու չեն թողնում հավաքենք»,- եզրափակեց Կարեն Գասպարյանը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետությունը, 242-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, 120.000 արցախահայեր հումանիտար աղետի մեջ են։ Ադրբեջանը փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, թույլ չի տալիս որևէ հումանիտար բեռ մտցնել Արցախ, բազմաթիվ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես սովի են մատնված։

Տեսանյութեր

Լրահոս