«Դժբախտաբար, սա զավթված երկիր է և զավթված է հայերի կողմից, որոնք հայ կոչվում են ուղղակի ծնաբանական ու տեղային իմաստով». Սամվել Թադևոսյան

Վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի խոսքով՝ այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Արցախի Հանրապետությունը, բոլորի ամոթն է, հայ ժողովրդի։

«Մենք այստեղ՝ երևաններում, ապրում ենք՝ ինչպես որ հարկն է, ներառյալ՝ քեֆերը, միջոցառումները, փառատոները, սա անհասկանալի է։ Դա նույն բանն է, որ ընտանիքի երկու երեխան վատ հիվանդ են, մյուսներն ամբողջ օրը զբաղված են խրախճանքներով։ Այս իմաստով ծանր երևույթի առջև ենք կանգնած, ասեմ նաև, որ սա աշխարհաքաղաքական ողբերգություն է։ Նրանք, ովքեր սանձազերծել են աշխարհը վերաբաժանելու նոր հակումները, նրանց համար կարևորը չէ ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը, որևէ բան կարևոր չէ, նրանք զբաղված են աշխարհը վերաբաժանելով, և այս ամենն այդ սցենարի մի մասն է կազմում։

Ի՞նչ պիտի անենք, կարծում եմ՝ շատ հարցերում ցավալիորեն ուշացել ենք, նախ՝ պետք է ունենալ ազգային իշխանություն, և ոչ թե՝ մեկին, որ կամակատարի նման թշնամու բոլոր առաջարկները ժպտերես ընդունում է և դառնում գործընկեր։ Ես պատմաբան չեմ, բայց նմանը չեմ հիշում ոչ մեր ժողովրդի պատմության մեջ, և ոչ էլ արտառոց նման բան հանդիպել եմ որևէ պետության կամ ժողովրդի պատմության մեջ, որ երկրի վարչապետն ամենաանհասկանալի դրսևորումների մեջ է։ Հիմա էլ հասել են գերբին, շուտով այդ ամենը երևի նույնպես դրվի ԱԺ քննարկմանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ նշեց Սամվել Թադևոսյանը։

Ըստ նրա, այս համատեքստում միայն «խելագարին ու դիլետանտին հայտնի չէ, թե երկրի ներկա տերերն» ինչով են զբաղված, իրենց իրական տերերին ինչ երդումներ են տվել, և որոնք փուլ առ փուլ արվում են։

Կարդացեք նաև

«Սահմանադրորեն մենք իրավունք ունենք ըմբոստանալու, ընդհուպ՝ մինչև զինված ինքնապաշտպանության, որովհետև մարդն ամենաթանկ արարածն է երկրի ու թանկ միավորը պետության, և եթե ուղղակի կամ անուղղակի ոտնահարվում են նրա բոլոր իրավունքները, դա պարզ, նույնիսկ աստվածատուր իրավունքն է՝ պաշտպանել սեփական իրավունքները։ Սա նույն բանն է, որ թշնամին մտնում է տուն՝ կոտորելու ընտանիքդ, և դու ձեռնածալ նստած ես։ Ծիծաղելի կլինի, եթե չըմբոստանաս, չդիմակայես։ Շատ եմ ցավում, որ վերջին հինգ տարիների ընթացքում տևականորեն այնպես այլանդակեցին մեր թե մշակութային, թե գիտության ասպարեզը (էլ չեմ ասում, որ հերոս տղաների դեմ այնպիսի արշավանք են սկսել), որ աներևակայելի է։ Ձերբակալում են պատերազմով անցած, հրաշալի խիզախ կենսագրությունով հրամանատարների և նրանց վրա գործ են բարդում։ Այս ամենը հասկանալի տրյուկներ են, դժբախտաբար, մեր ժողովուրդը ուշ գլխի ընկավ, որովհետև ապագա խոստացողները հենց այդ լոզունգներով եկան, թե՝ ամեն ինչ լավ է լինելու, ցավոք, այդպես չեղավ»,- նկատեց կինոռեժիսորը։

Նրա բնորոշմամբ, այս ամենի նպատակն ակնհայտ է՝ երկրի իշխանավորներն այլ շահերի են ծառայում և դրա համար վարձատրվում են, պարզապես չգիտի՝ գումարի՞, թե՞ դղյակի տեսքով է որևէ այլ պետությունում։ «Հատկապես, երբ տեսնում ենք, որ օրական իրար մեկ պարկ փող են բաժանում՝ պարգևավճարների տեսքով։ Սուրճի փող չունեցող սափրիչն այսօր մեքենա է վարում՝ 2-300.000 դոլարանոց, այստեղ-այնտեղ տուն է գնում, և այլն… Դժբախտաբար, սա զավթված երկիր է և զավթված է հայերի կողմից, որոնք հայ կոչվում են ուղղակի ծնաբանական ու տեղային իմաստով։ Վարքագիծը բացարձակ կապ չունի մեր ժողովրդի ու պետականության հետ, բոլոր ազգային արժեքները ոտնահարված են։ Եթե երկրի առաջին քաղաքացին ասում է՝ կարող էր այդ պատերազմը և չլիներ, այդքան զոհ չտայինք, հետո ասում է՝ մի 50 զոհ ավել-պակաս… Որպես ոչ գիտակ մարդ՝ ես կասեի՝ գործ ունենք պարզ շիզոֆրենիկի հետ, բայց դա այդպես չէ, տևականորեն աշխատել են այս տղայի ու իր թիմի հետ՝ ինչպես գործել ու ինչպես ներքին քայքայումների տանել, այս ամենը գիտեք, ես նոր բան չեմ ասի, և արդյունքում մենք մի քիչ բարոյալքված վիճակում ենք։ Կեցցե այն տեսակը, որ հոգու հավասարակշռությունը պահում է, հայ ժողովուրդը մշտապես պտտվում է իր տեսակի առանցքի շուրջ։ Խոստումներ չեմ կարող տալ, բայց հույս ունեմ՝ մի հզոր արթնացում է լինելու, դա նաև կկապվի, թե ինչ ելք կունենա ռուս-ուկրաինական պատերազմը և այս թոհ ու բոհը, Արևմուտք-ՌԴ և այլն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Սամվել Թադևոսյանը նկատեց՝ օրը մի քանի պետություն կոչ է անում Ադրբեջանին՝ բացել Բերձորի միջանցքը, սակայն Ադրբեջանը չի բացում, քանի որ հայ ժողովուրդը «գործ ունի բացառիկ վիժվածքի հետ»՝ թուրքի տեսակի հետ։

«Կարծում եմ՝ սատկած, մահացած թուրքը հազար տարի հետո դեռ վտանգավոր է, այսինքն՝ դա իրենց գենետիկ կոդն է, որովհետև ազգ չկա, չի եղել, թերմացքներից են առաջացել։

Պետք է ողջախոհ լինենք, կարողանանք հրաժարվել ամենավտանգավոր հիվանդությունից, ինքնամեծարման բարդույթից՝ ես եմ, որ կամ, իմ կուսակցությունն է ճիշտ, և այլն։ Եթե կարողանանք հասնել նրան, որ նեղ անձնական շահը ստորադասենք համայնական շահից, կկարողանանք համախմբվել, բայց դրա համար պետք է նաև բռունցք։

Դժբախտաբար, այսօր Արցախը զերծ չէ ներքին պառակտումների թոհ ու բոհից, թեև արցախցին մեր կռու տեսակն է, պինդ տեսակն է։ Իմ կյանքի 30 տարին առնչվում է Արցախի հետ, սիրեցի, պաշտեցի այդ հողն ու այդ ժողովրդին։ Շատ անգամներ, երբ մտնում էի Արցախ, ծնկի էի գալիս, ավելի վեհ ու հզոր բան չէի տեսել։

Սա տեսակի կռիվ է, որովհետև ամբողջ աշխարհը գիտի, և մենք գիտենք, որ ի ծնե եղել ենք ստեղծագործ ու տաղանդավոր ազգ։ Բաղղադրատոմսը հետևյալն է՝ նախ, պետք է կարողանանք կամային հատկություն ունենալ՝ ձերբազատվելու այս ոչ հայանպաստ իշխանավորներից ու ստեղծելու ազգային իշխանություն։ Ազգային իշխանությունն է երաշխավորը, որ մենք կարող ենք ունենալ առաջընթաց և, իհարկե, սահմանը պահող զինվորն ու զենքը»,- եզրափակեց Սամվել Թադևոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս