Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը. Պեսկովը՝ New York Times-ին
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունը 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ։
Հոդվածում մեջբերվում են Կրեմլի խոսնակի հետևյալ խոսքերը. «Պուտինը հաջորդ տարի կվերընտրվի՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը»։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, Պեսկովն առայժմ չի մեկնաբանել հոդվածը:
Ի դեպ, հոդվածի հեղինակի հարցին առ այն, թե արդյոք Ռուսաստանը բռնակցված չորս մարզից բացի ավելի շատ ուկրաինական տարածքներ է ցանկանում գրավել, Պեսկովը պատասխանել է.«Ոչ, մենք պարզապես ցանկանում ենք վերահսկել այն ամբողջ տարածքը, որը այժմ մեր Սահմանադրությամբ ամրագրել ենք որպես մերը»:
ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը չի հայտարարել ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին։