«Նոր փորձանք է գալու. ոչ ոք և ոչ մի երկիր մեզ չի՛ փրկելու. կա 2 լուծում». Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանն այն կարծիքին է, որ ամբողջ աշխարհում միշտ ուժն է որոշում, թե ով իրավունք ունի. իրավունքն ուժեղինն է:

«Միջազգային օրենք, արդարություն և այլն միայն թղթի վրա են, և միայն տկար կողմերն են այդ սկզբունքներին հավատում: Եթե ուժ չունես, ուրեմն՝ քո խոսքը չի անցնում ոչ մի տեղ, ոչ ոք քեզ չի օգնում և պարտավոր էլ չէ քեզ օգնել: Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը տկար երկիր է և ունի անփորձ, անկարող ղեկավար, որն անընդհատ զիջում է: Ամեն օր մի նոր փորձանք է գալիս մեր գլխին. Սկսեցին Արցախից, հետո Հայաստանի սահմաններից ներս մտան, հետո գերիներին չվերադարձրին, հետո տեսանք, որ առևանգեցին մի արցախցու՝ Կարմիր խաչի մեքենայից: Վաղը նոր փորձանք է գալու մեր գլխին: Այս ամենը ցավալի է, բայց ոչ զարմանալի»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարութ Սասունյանը նկատեց՝ եթե Հայաստանի ղեկավարն ինքը զիջում է Արցախը, ինչպե՞ս կարելի է օտար երկրների ղեկավարներից պահանջել, որ իրենք պաշտպանեն Արցախը կամ Հայաստանը և իրենք ավելի մեծ հայրենասեր լինեն, քան Հայաստանի ղեկավարը. «Երբ Փաշինյանն ընդունեց, որ Արցախն Ադրբեջանի մի մասն է, արդեն ամեն ինչ կորած է, ոչ մեկը չի կարող օգնել Հայաստանին: Փաշինյանն ինչ ասում և անում է Արցախի վերաբերյալ, անակնկալ չէ. 20 տարի առաջ էլ, երբ նա լրագրող էր, անընդհատ գրում էր, որ Արցախը բեռ է Հայաստանի ուսերին, որքան արագ ձերբազատվենք Արցախից, այդքան ավելի հանգիստ կապրենք:

Այդ մարդն իր ամբողջ կյանքը եղել է հակաարցախյան, բայց այն տարիներին իր խոսքը ոչ մի արժեք չուներ, որովհետև ժուռնալիստ էր: Բայց հիմա երկրի վարչապետն է, և իր խոսքը, անշուշտ, արժեք ունի միջազգային ատյաններում: Ինքն ասում է, որ Արցախը զիջում է, և ամեն օր ամեն ինչ անում է, որ Արցախը լինի Ադրբեջանի մաս: Երբ ինքը ասում է, որ խաղաղության համաձայնագիր է ուզում, ո՞նց կարող է դա լինել մի կողմի հետ, որն ուզում է քեզ սպանել, քո երկիրը կործանել, ասում է՝ Հայաստան գոյություն չունի: Քո ոխերիմ թշնամին մտադրվել է քեզ ոչնչացնել, չի ուզում խաղաղություն, դու անընդհատ աղաչում ես, պաղատում ես ծնկաչոք, որ ստորագրի մի թուղթ: Նույնիսկ եթե Ալիևը որևէ թուղթ ստորագրի, դա ոչ մի արժեք չի ունենալու, նա հաջորդ օրը հարձակվելու է Հայաստանի վրա: Հայաստանը չունի ոչ մի փրկության միջոց, բացի ուժեղանալուց, արդի զենքեր գնելուց: Ոչ մի փաստաթուղթ, ոչ մի երկիր, ոչ ոք մեզ չի փրկելու՝ հակառակ այն խոսքերին, որ՝ այս երկիրն է մեզ փրկելու, այն երկիրն է մեզ դավաճանել, և այլն»:

Կարդացեք նաև

Նա շեշտեց, որ երբ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները խոսում են ամերիկյան պաշտոնյաների հետ, նրանց պատասխանում են՝ ձեր վարչապետը խաղաղություն է ուզում, արդեն ճանաչել է Արցախը, ինչո՞ւ եք մեզ ասում՝ պաշտպանեք Արցախը. «Մեր դիրքերը շատ թուլացել են Փաշինյանի պատճառով: Ինքը մի բան է ասում, մենք հակառակն ենք ասում: Վերջերս նույնիսկ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսը նամակ էր գրել Կալիֆոռնիա նահանգի պատգամավորներին՝ ասելով, որ՝ դուք անընդհատ խաբվում եք հայ համայնքից, ուզում եք հակաթուրքական դիրքորոշում ունենալ, բայց Փաշինյանը գնաց Անկարա, ներկա գտնվեց Էրդողանի երդմնակալության արարողությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանն ուզում է շատ մտերիմ կապեր ունենալ Թուրքիայի հետ, մի՛ հավատացեք Լոս Անջելեսի հայերի կոչերին: Մեր դիրքերը թուլանում են: Նույնը մյուս երկրներում է»:

Հարութ Սասունյանը նշեց, որ հայ համայնքի ուշադրության կենտրոնում այս պահին Հայաստանում և Արցախում առկա իրավիճակն է. «Ամեն օր մի նոր փորձանք է գալիս մեր գլխին, չենք կարող նույնիսկ մեկ օր ուշանալ: Արցախի ժողովուրդն արդեն սովամահ լինելու եզրին է: Բոլոր մյուս հարցերը մի կողմ ենք դրել և զբաղվում ենք միայն Լաչինի միջանցքի բացման հարցով: Ադրբեջանի և Թուրքիայի վրա ոչ մի ճնշում չի ազդում, Ալիևը միշտ ասում է՝ ով ինչ ուզում է, թող ասի, ես շարունակելու եմ իմ գործը անել: Միջազգային հանրությունը ինչ ասելու էր՝ ասել է, որքան էլ ճնշեն, Ադրբեջանը շատ լավ գիտի իր շահերը:

Նա ճնշում է Արցախի ժողովրդին, որ պարտադրի նրանց կա՛մ լքել Արցախը, կա՛մ մնալ և սովամահ լինել, կա՛մ համարվել Ադրբեջանի քաղաքացիներ և ապրել հլու-հնազանդ՝ որպես ստրուկներ: Մինչև այդտեղ չհասնի գործը, Ադրբեջանը կանգ չի առնելու: Լուծումը երկու բան է. առաջին՝ պետք է անմիջապես ազատվենք Փաշինյանից՝ որպես վարչապետ, մի նոր, կարող, գիտակից մարդ գա իշխանության: Երկրորդ՝ բոլոր հարցերը մի կողմ դնենք և փորձենք զինել Հայաստանն ամենաարդիական զենքերով: Այս երկուսն են միակ միջոցները, ուրիշ միջոց չկա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս