Հայաստանում միջազգային լրատվամիջոցների կողմից հետաքրքրության աճ է նկատում Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի նկատմամբ
Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հուլիսի 31-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում ձևավորված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշեց, որ հուլիսի 26-ից, երբ հումանիտար բեռը հասել էր Կոռնիձորի սահմանային հատված՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղից էլ չէր կարողացել առաջ շարժվել, քանի որ Ադրբեջանն արգելել էր դրանց մուտքը ԼՂ, նոր զարգացումներ չկան։ Նա հավելեց, որ արձագանք չկա նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմից, որին Հայաստանը խնդրել էր տեղ հասցնել հումանիտար օգնությունը։
«Բեռնատարների շարասյունը գտնվում է նույն հատվածում՝ Կոռնիձորում: Չնայած տարբեր պետությունների կողմից հնչած տարբեր կոչերին, միջազգային լայն արձագանքին, տարբեր քաղաքական, հասարակական գործիչների հայտարարություններին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված համապատասխան որոշումներին՝ Ադրբեջանը փաստացի շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և խոչընդոտել բեռների փոխադրմանը»,- ասաց Սարգսյանը:
Ստեղծված իրավիճակը լուսաբանվել է միջազգային տարբեր լրատվամիջոցների կողմից: Իրավիճակին ծանոթացել են լրագրողներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Արգենտինայից: Նրա խոսքով՝ իրավիճակը ներկայացնելու համար բաց են բոլոր ցանկացող լրագրողների համար:
«Նկատվում է միջազգային լրատվական գործակալությունների հետաքրքրության աճ ստեղծված իրավիճակի նկատմամբ: Երեկ այստեղ էր գտնվում «Ֆրանս Պրես» գործակալության լրագրողը, և հնարավորություն ունեցով ականատես լինել՝ ինչ է կատարվում տեղում: Համապատասխան հրապարակումը «Ֆրանս Պրես» գործակալության կողմից տարածվել է»,- նշեց Սարգսյանը: