ԿԽՄԿ-ն հայտարարություն է տարածել 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգելու կապակցությամբ
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։
Մասնավորապես ԿԽՄԿ-ն միայն նշել է, որ Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»` առանց հստակեցնելու, թե ինչ հիմնավորմամբ է բուժառուն «ձերբակալվել»։
Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հիվանդներ են տեղափոխել, կազմակերպությունը հայտարարում է․ «Մենք աշխատում ենք թափանցիկ, համակարգում ենք կողմերի հետ և գործում ենք միայն նրանց համաձայնությամբ: Այսօր այդպես էր»:
ԿԽՄԿ-ն հավաստիացնում է, որ իր ներկայացուցիչները «հնարավորինս շուտ կայցելեն կալանավորված հիվանդին և կապի մեջ են ընտանիքի հետ»։